ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի է ունեցել փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի հերթական նիստը, որը նախարարի հանձնարարությամբ նախագահում էր նրա տեղակալ Արմեն Արզումանյանը՝ տեղեկացնում է նախարարության լրատվականը:

Շնորհավորելով խորհրդի նոր անդամներին՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նրանցից յուրաքանչյուրի մասնակցությունն ավելի արդյունավետ կդարձնի խորհրդի աշխատանքը և առաջարկել է հաստատել օրակարգը:

Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված սոցիալական ոլորտի որևէ կարևոր գործընթաց խորհրդանշող թեմայով փոստային վճարման պետական նշան թողարկելու առաջարկը, որն էլ հավանության է արժանացել: Քննարկվել են նաև փոստային վճարման պետական նշանների՝ 2018 թվականի թողարկման ծրագրով նախատեսված 7 նմուշների էսքիզները:

Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնց համաձայն՝ կարվեն էսքիզների ձևավորման փոփոխություններ, որից հետո միայն ընտրված նմուշները կներկայացվեն նախարարի հաստատմանը: Քննարկվել են աշխատանքային այլ հարցեր: