Երևանի ավագանու ընտրություններից հետո, ինչպես և ակնկալվում էր, քաղաքական ուժերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ միաբերան սկսեցին խոսել խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու մասին։

Վարչապետի Նյու Յորքից տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Ես Երևան վերադառնալուն պես արդեն իսկ բանակցությունների կհրավիրեմ խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչներին, այդ թվում՝ ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին՝ նրանց հետ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամանակը և պայմանները»։

Նիկոլ Փաշինյանը շեշտում է ընտրությունների շուտափույթ անցկացման կարևորությունը, որը վստահության երաշխիք կհանդիսանա պոտենցիալ ներդրողների համար։ Վերջիններս սպասում են երկարաժամկետ քաղաքական արձանագրումների, հետևաբար տնտեսական և ներդրումային միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու նկատառումով պետք է մտածել արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու մասին։

Իհարկե, նման գրառումը չէր կարող անպատասխան մնալ ՀՀԿ «կարկառուն» դեմքերի կողմից, որ քնում և երազում տեսնում են նորընտիր կառավարության տապալումն ու հասարակության պառակտումը։ Ուստի բոլոր հնարավոր տարբերակներով շտապեցին հակադարձել գործադիրի ղեկավարին՝ հիշեցնելով, որ ըստ Սահմանադրության՝ ՀՀ օրենսդիր մարմինն անկախ մարմին է, որը ձևավորվում է 5 տարին մեկ՝ օրինական ընտրությունների միջոցով։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը միանշանակ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում․ «Մենք ցանկացած քննարկումների պատրաստ ենք, բայց ինձ թվում է՝ մենք Ընտրական օրենսգրքի հետ կապված քննարկումներ կունենանք, որովհետև մինչև ընտրություններ մենք ԸՕ-ն պետք է բարելավենք։ Մենք ավելի շատ, ավելի կարևոր գործեր ունենք անելու, քան արտահերթ ընտրությունների մասին մտածելը»։



Եթե Վահրամ Բաղդասարյան իրեն տիպական պաղարյունությամբ արտահայտեց հանրապետականների դիրքորոշումը, ապա Էդուարդ Շարմազանովն ունեցավ հիստերիայի ակնհայտ դրսևորումներ, որն էլ արտահայտվեց newsday.am-ին տված հարցազրույցում․ «Ինչու պետք է ԱԺ-ն ցրվի, ինչ է թե՝ Փաշինյանին դուր չի գալիս, որ վերևում Շարմազանովն ու Բաբլոյանն են նստած, այլ ուզում է Պողոսին ու Պետրոսի՞ն նստեցնել»։

Երբ լրագրողը հիշեցրեց, որ Փաշինյանը կարող է ժողովրդին նորից փողոց դուրս բերել, Շարմազանովը լրիվ կորցրեց ինքնատիրապետումը․ «Ում ուզում է՝ թող փողոց դուրս բերի, ես իմ կարծիքն եմ ասում։ Ժողովրդին փողոց դուրս բերելն արդեն քաղաքական տեռոր է, քաղաքական շանտաժ է, ինքը ժողովուրդ ունի, մենք չունե՞նք»։

Բայց երևի այստեղ ԱԺ փոխխոսնակը հիշեց, որ, ցավոք սրտի, ժողովուրդ չունեն և ավելացրեց. «Հա, լավ, ժողովրդին հանեց փողոց, ի՞նչ։ Օրենքն է գործում»։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ