Tert.am-ի  տեղեկություններով՝ ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը:

Հիշեցնենք, որ 2015-ի հուլիսին վերջինս նշանակվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտոնում:

Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո Վլադիմիր Հակոբյանը նշանակվել էր վարչապետի օգնական:

2006-2015 թթ.-ին Վլադիմիր Հակոբյանն աշխատել է ՀՀ ԱԱԾ համակարգում:

Հավելենք, որ Վլադիմիր Հակոբյանի ստանձնած պաշտոնը նախկինում զբաղեցնում էր ԱԱԾ ներկայիս տնօրեն Արթուր Վանեցյանը: 


Վլադիմիր Հակոբյանի կենսագրությունը

Վլադիմիր Համլետի Հակոբյանը ծնվել է 1982թ. Երևանում:

Կրթությունը

1988-1998 թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 167 միջնակարգ դպրոցը։ 
1998-2003 թթ. սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժինը։
2008-2009 թթ. սովորել և ավարտել է ՀՀ ԱԱԾ Գիտաուսումնական կենտրոնը:
2012 թ. հուլիս՝ Իրավապահ համակարգի միջազգային ակադեմիա (ILEA, ք. Բուդապեշտ)։ 

Աշխատանքային գործունեությունը 

2003-2005 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես համակարգչային կապի կենտրոնի տեխնիկ-օպերատոր։
2006-2015 թթ. - ծառայել է ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում՝ հասնելով գլխավոր վարչության բաժանմունքի պետի պաշտոնին։
2015 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար։ Այդ պաշտոնից ազատվել է 2018 թվականի ապրիլի 9-ին։
2018 թվականի ապրիլի 19-ին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական, իսկ նույն թվականի մայիսի 8-ին իր դիմումի համաձայն ազատվել է այդ պաշտոնից։