Մոտ երկու ամիս առաջ, երբ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրելու է Հայկ Մարությանի թեկնածությունը, բավականին թվով մարդիկ անակնկալի եկան՝ ոչ հաճելի անակնկալի։ Հեռուստաէկրանից վաղուց ճանաչելի դարձած Կարգին Հայկոյին այդ մարդիկ ոչ մի կերպ չէին պատկերացնում քաղաքապետի պաշտոնում։ Ու ասել, որ անակնկալ լուրը ստանալուց հետո նրանց (որոնց մի մասն, ի դեպ, իր ավանդն է ունեցել «թավշյա» հեղափոխության կայացման գործում) մոտ որոշակի մտահոգություններ ծնվեցին իշխանության եկածների ազնիվ ցանկությունների ու լուրջ նպատակների հարցում, սխալ չի լինի։

Իրականությանը մյուս կողմից նայողները, սակայն, այդ հնարավոր տարբերակի մեջ ոչ մի ողբերգություն չէին տեսնում։ Դրա համար, ինչ խոսք, հիմք էին ծառայում նույն Հայկոյի հայտարարությունն առ այն, որ վերջին 6 տարիներին դերասանությունն իր կյանքի ընդամենը 20 տոկոսն է զբաղեցրել, մյուս 80 տոկոսը պրոդյուսերական, կազմակերպչական աշխատանքն է զբաղեցրել, ինչպես նաև նրա ակտիվ մասնակցությունը վերջին տարիների հասարակական-քաղաքական գործընթացներին։

Բայց դրանք, ըստ էության, զուտ օժանդակող նշանակություն ունեին. այդ մարդիկ Հայկ Մարությանին տեսնում էին քաղաքապետի պաշտոնում, քանի որ Նիկոլ Փաշինյանն էր դա տեսնում։ Մեծ հաշվով, ամիսներ առաջ անհավանական թվացողն իրական դարձրած մարդու հանդեպ անվերապահ հավատն էր դրա բուն պատճառը։ Սա, որպես իրավիճակ, իր վտանգներն է պարունակում, քանի որ եթե հանկարծ այդ անվերապահ հավատից փորձի օգտվել Փաշինյանը, ապա հանգիստ կկարողանա (այլ հարց է՝ նա երբևէ նման բան կանի, թե չէ)։

Եվ անկախ մտավախություններ ունեցողների ու չունեցողների հատկապես վերջին ամսում թեժացած «փաստարկներից», ընտրությունների արդյունքներով Հայկ Մարությանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվեց քաղաքապետ։ Սա, իհարկե, Մարությանի անձնական ձեռքբերումը համարել չենք կարող։ Երևի բոլորդ էլ հասկանում եք՝ ում թեկնածությունն էլ առաջադրեր Նիկոլ Փաշինյանը, նույն արդյունքը կլիներ։ Երևանի բնակչությունը կողմ է քվեարկել հեղափոխության շարունակականությանը, և հենց սա է գլխավոր խնդիրը։ Ստացվում է՝ Երևանն իր վստահության քվեն ևս մեկ անգամ տվեց Նիկոլ Փաշինյանին ու սպասելիքները նույնպես նրանից են լինելու։

Ի տարբերություն օրենսդիր մասով գործողությունների սահմանափակությանը, Երևանի հետ կապված խնդիրները լուծելու համար, կարծես, խոչընդոտներ այլևս չկան, և այդ քննության հաջողությունը կարճ ժամանակում տեսանելի փոփոխություններ անելու մեջ է։ Եթե այդ առաքելությունը հաջողությամբ կատարվի, ապա Փաշինյանի թիմը սպասվելիք ԱԺ արտահերթ ընտրություններին ավելի վստահ քայլերով ընդառաջ կգնա։ Չմոռանանք, որ նյույորքյան հանդիպումներում Աժ ընտրությունները հնարավորինս շուտ կազմակերպելու ցանկության մասին վարչապետը երեկ արդեն բարձրաձայնել է։ Վերջին հաշվով, Երևանի ավագանու ընտրությունները, որոնք մարդկանց տրամադրությունների ու տրամադրվածության ստուգման թեստ էր, հավաստեցին, որ ԱԺ ընտրությունները ցանկալի արդյունք կտան, և դրանք ուշացնել պետք չէ։

Արմինե ՍԱՐՈՅԱՆ