Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով:

Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը մամուլին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ զրպարտություն են համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը՝ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Ալումյանի փոխանցմամբ՝ Փաշինյանի այդ խոսքը նշանակում է, որ Քոչարյանը մարդկանց սպանություն է կազմակերպել ու այժմ էլ հղում է անում իր անձեռնամխելիության վրա: Այնինչ, Ալումյանն ասում է, այդպիսի մեղադրանք Ռոբերտ Քոչարյանին առաջադրված չի եղել. «Այդպիսի արարքի համար օրինական ուժի մեջ մտած դատավճիռ գոյություն չունի, որ ինքը մեղավոր է ճանաչվել: Իսկ վարչապետն այդպիսի արտահայտություններ է արել, մենք գտնում ենք, որ սա անթույլատրելի է»:

Ասում է՝ պահանջը մեկն է՝ պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել վերը նշված արտահայտությունների համար: Ալումյանը շեշտեց, որ փոխհատուցման պահանջ չկա: Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին:

Հիշեցնենք նաև, որ Քոչարյանը հուլիսի 27-ին հայցադիմում է ներկայացրել նաև «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի (1in.am) դեմ՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջով: Դիմելով դատարան` հայցվորի ներկայացուցիչը (ըստ «Դատալեքս» տեղեկատվական պորտալի՝ Աննա Սարդարյան) հայտնել է, որ 2018թ. հունիս ամսին «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը:

Ըստ Քոչարյանի ներկայացուցչի՝ 2018թ. հունիսի 7-ին www.1in.am ինտերնետային կայքում և «Ժամանակ» օրաթերթում հրապարակվել է հոդված` «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերնագրով, որտեղ տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ: Հայցվորի դիրքորոշումն այն է, որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը:

Բացի այդ, 2018թ. հունիսի 23-ին և 24-ին նույն կայքում հրապարակվել են երկու վերլուծական հոդվածներ՝ «Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին» և «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան» վերնագրերով: Երկրորդ նախագահի ներկայացուցիչը պնդում է, որ նշված հոդվածներում դարձյալ տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:

Վիճարկվում է 1in.am տեղեկատվական-վերլուծական ինտերնետային կայքում հունիսի 28-ին հրապարակված ևս մեկ վերլուծական հոդված՝ «Քոչարյան-Սարգսյան. Արյունոտ քսանամյակի շահառուները», որով, հայցվոր կողմի պնդմամբ, ևս արատավորվել են Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը:
Ռոբերտ Քոչարյանը խնդրել է պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին՝ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև զրպարտության դիմաց վճարել փոխհատուցում 2 մլն դրամի չափով:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ