Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մասնակից ակումբների քանակը կկրճատվի 48-ից մինչեւ 32, ասել է Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անիելին, ով նաեւ Եվրոպական ակումբների ասոցիացիայի ղեկավարն է:

«Մենք աշխատում ենք երրորդ ակումբային եվրագավաթային մրցաշարի կազմակերպման ուղղությամբ: Սպասվում է, որ դրան կմասնակցի 32 թիմ: ՈւԵՖԱ-ի հետ քննարկվում է, որ Եվրոպայի լիգայում եւս կմնա 32 թիմ: Մենք ցանկանում ենք հավասարակշռություն տեսնել այս ֆանտաստիկ մարզաձեւում: Պետք է մտածենք, թե ինչ ֆուտբոլ ենք թողնելու մեր երեխաներին: 70-ականներին եւ 80-ականներին եվրոպական չեմպիոնների գավաթը նվաճում էին «Այաքսի», «Բենֆիկայի» նման ակումբներ: Հիմա բարդ է նրանց տեսնել այդ աստիճանին, քանի որ հսկայական է տնտեսական անհավասարությունը Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի ակումբների եւ մյուսների միջեւ: Ֆուտբոլային եկամուտների 30 տոկոսից ավելին բաժին է ընկնում ամենահարուստ 12 ակումբներին», - Անիելիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն: