Իտալական սարքավորումներ ու տեխնոլոգիա, հայկական արտադրանք՝ Վանաձորում սկսվել է հակակարկտային ցանցերի արտադրությունը: «Վաբա» ԱՊԸ-ի եւ իտալական «Կառմակ» ընկերության համատեղ նախաձեռնած արտադրության համար ներդրվել է 2 միլիարդ 225 մլն դրամ: Հակակարկտային ցանցերն այգիներն ու ցանքերը ոչ միայն կպաշտպանեն կարկուտից, այլեւ այլընտրանքային ոռոգման աղբյուր կդառնան. «Ցանցերը հնարավորություն ունեն մինչեւ 350 կգ ծանրություն պահելու, որը հալվելով դառնում է ոռոգում: Տարբեր գույների եւ խտության ցանցերը տարբեր մրգերի ու բանջարեղենի, նաեւ կլիմայական առանձնահատկությունների համար են նախատեսված: Բացի պաշտպանիչ գործածությունից, հնարավոր է բերքը տեղափոխելու պարկեր կարել», -ասում է «Վաբա» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արմեն Ղարաջյանը:



Թեեւ արտադրությունը մեկնարկել է, բայց նոյեմբերից կընդլայնվի՝ նախ բետոնե սյուների, ապա պլասմասե աքսեսուարների արտադրությունն կսկսվի: Նախատեսվում է տեղում արտադրություն կազմակերպելու միջոցով որքան հնարավոր է կրճատել ներմուծվող հումքը, որ ինքնարժեքը նվազի: Այժմ 1 հա հողատարածքի ցանցապատելու եւ ցանկապատելու արժեքը 15 հազար եվրո է. «Նախատեսում ենք տեղում նաեւ թելի արտադրությունը կազմակերպել, նախագծերը շատ են, այս հաստոցները թույլ են տալիս անգամ կտորի արտադրություն ունենալ: Նաեւ փայտամշակում, կահույքագործություն, պաշտպանության՝ բանակի համար նախատեսվող ծրագրեր կան»:

Հակակարտային ցանցերը 20 տարվա երաշխիք ունեն: 4 հաստոցով գործող արտադրամասն աշխատում է 3 հերթափոխով, 25 աշխատակցով: Մի մասը վերապատրաստվել է Իտալիայում: Նախատեսվող ընդլայնման հետ աշխատողների թվի ավելացմանը գործադիր տնօրենը վերապահումով է մոտենում. «Ամեն ինչ ավտոմատացված է: Այս պահին դժվար է հստակեցնել, թե ինչ քանակի աշխատատեղ կբացվի, բայց նոր արտադրատեսակների հետ բնականաբար նաեւ մարդկային գործոնը պետք կգա: Քանի որ Դարպաս համայնքը մոտ է, այնտեղից ենք ընտրում աշխատողներ: Հմտությունները կարեւոր չեն, տեղում վերապատրաստվում են, ընդամենն աշխատելու ցանկություն է պետք»:



Արտադրության հետ մեկտեղ վարչական շենքն է վերանորոգվում, արտադրամասն ընդլայնելու համար բարեկարգվում է տարածքը:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ

Հ.Գ. Սեպտեմբերի սկզբին Թումանյանի տարածաշրջանի մի քանի գյուղերում կարկուտը զգալի վնասներ է հասցրել: Լոռու մարզպետարանում հաշվարկել են վնասները, դիմել ՀՀ կառավարություն: Մարզի գլխավոր կառույցից հավաստիացնում են, որ ՀՀ գյուղնախարարությունը խոստացել է աջակցել, որ նոր արտադրանքն անհասանելի չմնա գյուղացիական տնտեսությունների համար: Բացի վարկավորումից, այլ տարբերակներ էլ են քննարկվում: