Արդեն տևական ժամանակ է՝ համացանցում լուրեր են տարածվել, որ նախատեսվում է Փաշինյան-Թրամփ հանդիպումը։ Դա շատերի մոտ զարմանք առաջացրեց. մի՞թե հնարավոր է Հայաստանի պես փոքր պետության ղեկավարը հատուկ հանդիպում ունենա գերհզոր ԱՄՆ-ի առաջնորդ Թրամփի հետ։ Այդ գաղափարը բարձրացրել էին Միացյալ Նահանգների մի շարք կոնգրեսականներ, ովքեր կոչ էին արել Դոնալդ Թրամփին հատուկ հանդիպում անցկացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Սակայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հատուկ երկկողմ հանդիպում դեռեւս չի նախատեսված։ Երկու պետությունների ղեկավարները կհանդիպեն երկուշաբթի երեկոյան Դոնալդ Թրամփի կողմից ՄԱԿ ժամանած ղեկավարների պատվին կազմակերպվող հատուկ ընդունելությանը: Հայաստանի վարչապետ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի գագաթաժողովում նախատեսվում է երեքշաբթի երեկոյան։

Այնուամենայնիվ ինչո՞ւ առայժմ օրակարգում չկա նման հանդիպում։ Կամ ո՞ր դեպքում կարող էր դա լինել։ Փորձագետների խոսքով՝ այս պահին նման բանակցությունները վաղաժամ են, քանի որ ձեւավորված չէ բանակցությունների օրակարգ, եւ հանդիպումը կարող է կրել միայն բարի կամքի դրսեւորման բնույթ:

Սպիտակ տան նախկին աշխատակից Արամ Բախշյանն էլ կարծում է, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ չկան սուր խնդիրներ, որոնց կարգավորման համար անհապաղ հանդիպում պահանջվեր: Քեննեթ Խաչիկյանը, ով երկար տարիներ պատրաստել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի ելույթները, նշում է, որ ՄԱԿ-ի գագաթաժողովը բարի կամքի հանդիպումներ կազմակերպելու լավագույն ժամանակաշրջանը չէ, քանի որ հարյուրից ավելի այլ երկրների ղեկավարներ նույնպես ցանկանում են հանդիպել ԱՄՆ-ի նախագահին. «Հայաստանը փոքր երկիր է եւ ռազմավարական չափազանց բարձր նշանակություն չունի Միացյալ Նահանգների համար: Հույս ունեմ, այս նոր ղեկավարության օրոք, որը պայքարում է կոռուպցիայի դեմ, Հայաստանը ձեռք կբերի ռազմավարական այդ նշանակությունը», -ասել է նա:

                                                                                                                Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ