«Այսօր քաղաքական քաղքենիները սկսելու են ծամել մասնակցության թեման, թե իբր 43,65 տոկոսը էդ ի՞նչ ցուցանիշ է, որ ուզում եք ասել որակյալ ցուցանիշ է: Նախորդ տարվա ցուցանիշը դրանից 2,5 տոկոս ավելի էր: Բայց երբ խորանում ենք, ուզում ենք տեսնել, թե ինչ կա դրա հետեւում կանգնած, պիտի նկատենք, որ այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրաված չէր ընտրությունների մեջ, որոնք ծանր հիվանդ տատիկ-պապիկներին գրկած բերում էին, որպեսզի այդ քվեն ապահովեին: Չկային ճնշումներ ընտրողի ազատ քվեի նկատմամբ», -Երևանի ավագանու ընտրություններից մեկ օր անց արձանագրում է «Ականատես» դիտորդական խմբի անդամ Լեւոն Բարսեղյանը։

«Ականատես» դիտորդական խումբը ձեւավորվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Հարկ է նշել, որ կարևոր են ոչ միայն ազատ և թափանցիկ ընտրությունները, այլև այդ ընտրություններին ներկա դիտորդների օբյեկտիվությունը։ «Ականատես» դիտորդական խումբը որպես նոր ձևավորված ակումբ, փորձել է նկատել բոլոր թերությունները, խախտումները, արձանագրել դրանք, իսկ այսօրվա մամուլի ասուլիսում արդեն ներկայացնել Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները։ Ըստ խմբի անդամների՝ ընտրությանը մասնակցած երևանցիների 43,65 տոկոս բավականին բարձր ցուցանիշ է։

«Հանգուցյալներն այս անգամ անհասկանալի պատճառներով այնուամենայնիվ որոշեցին չմասնակցել ընտրություններին: Ըստ երեւույթին, մեծ դժգոհություն ունեին, երեւի հեղափոխությունը անհանգստացրել էր շատերին», -կատակով փաստեց Լեւոն Բարսեղյանը՝ հավելելով, որ Երեւանի ընտրելու իրավունք ունեցողների 15-20 տոկոսը գտնվում էր հանրապետությունից դուրս:

«Ռեսթարթ» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը գոհ էր ոստիկանների աշխատանքից. «Շատ պատրաստակամ էին ամեն կերպ օգնելու ու այդ կուտակումները, որ չի եղել, խուժանը, որ չի հավաքվել, այստեղ կա ոստիկանության աշխատանքը»: Նա ասաց, որ այս ընտրություններին, եթե անգամ նկատվում էր, որ քվեաթերթիկը ծրարի մեջ են դնում քվեախցիկից դուրս, երեւում էր, որ դիտմամբ չեն ցուցադրում, պարզապես իրազեկվածության կարիք կա:

Երեկ նկատվեցին մի քանի դեպքեր, երբ քվեարկած քվեաթերթիկը տեղադրել էին համացանցում, մինչդեռ օրենքն արգելում է: Սոնա Այվազյանի խոսքով՝ քվեարկության գաղտնիությունը ինչպես իրավունք է, այնպես էլ պարտականություն, պետք է հարգել օրենքը, բայց թե որքանով է ճիշտ դա արգելելը, սա հարց է, որովհետեւ ընտրողն էլ ուզում է, որ ցույց տա, թե ում է ինքն ընտրել: Դիտորդական առաքելության անդամները գտնում էին, որ «Ընտրական օրենսգիրքը» փոփոխությունների կարիք ունի:

                                                                                                        Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ