ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ֆեյբուքյան ուղիղ եթերում հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով մեր երկրում վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցածին, ասել է, որ Հայաստանում իշխանության փոխանցումը ֆանտաստիկ օրինակ է, որը ցույց է տալիս նոր սերնդի առավելությունը եւ ավելի լավ որոշումներ կայացնելու կարողությունը (ֆեյսբուքյան ուղիղ եթերով հարցուպատասխանի պրակտիկան էլ Գուտերեշը, գուցեև, Նիկոլ Փաշինյանից է ընդօրինակել):

«Մենք տեսնում ենք ավտորիտարիզմի աճը աշխարհում: Այդ առումով կարևոր է քաղաքացիական հասարակության դերը: Կարևոր է, որ մարդիկ՝ հատկապես երիտասարդները, միավորվեն և ցույց տան, որ ժողովրդավարությունը, ազատությունը և մարդու իրավունքները ծայրաստիճան կարևոր են մեր հասարակության համար։ Մենք բոլորովին վերջերս խաղաղ փոփոխության մի ֆանտաստիկ օրինակ տեսանք Հայաստանում, որը հենց երիտասարդների ջանքերով էր առաջ մղվում: Եվ դա ֆանտաստիկ օրինակ էր, որը հույս է ներշնչում, որ նոր սերունդները ավելի մեծ նվաճումներ կարձանագրեն, քան իմ սերունդը», -մասնավորապես ասել է Գուտերեշը։

Այն, որ Հայաստանում վերջին մի քանի ամսում տեղի ունեցած փոփոխություններին նման գնահատական է տալիս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, միանշանակ, գոհացուցիչ է։ Նկատենք, որ Գուտերեշի այս հայտարարությանը նախորդել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ջղաձգումները. «Թվիթերի» միկրոբլոգում կատարած գրառմամբ Ալիևը կոչ էր անում հետաքննել ՀՀ-ում կայացած նոր ընտրություններին միջազգային դիտորդների դրական արձագանքը։