Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախաձեռնել էին հոբելյանական նամականիշի մարում, որի հանդիսավոր արարողությունը այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱԱԾ պատմության թանգարանում: Միջոցառմանը մասնակցում էին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Հայաստանի անվտանգության համակարգի վետերան, ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների խորհրդի նախագահ Պետրոս Պետրոսյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսաելյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Փոստային նամականիշն ունի 170 ՀՀ դրամ անվանական արժեք, տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 30.000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Նամականիշի վրա, ի թիվս այլ կառույցների, ներկայացված է ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքը՝ ուրվագծային եղանակով: Փոստային նամականիշի աջ հատվածում պատկերված է Երկիր մոլորակը և ՀՀ ԱԱԾ լուսավորվող զինանշանը՝ խորհրդանշելով ազգային անվտանգության մարմինների կարևորությունը: