Երևանի ավագանու ընտրությունները եղան, բայց Հայաստանի Հանրապետության նախորդ երեք ղեկավարներն այդպես էլ չմասնակցեցին ընտրություններին։ Ժողովրդի աչքը ճամփին մնաց՝ սպասելով իրենց երկրի երբեմնի ղեկավարներին։

Հայաստանի գործող նախագահ Արմեն Սարգսյանը ևս չկատարեց իր քաղաքացիական պարտքը, քանի որ Հայաստանում չէ։ Նրա օգնական Հասմիկ Պետրոսյանի փոխանցմամբ՝ նախագահը այս օրերին գտնվում է Փարիզում՝ մասնակցելու է Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովին որպես գլխավոր բանախոս:

Ընտրություններին չմասնակցեց նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ խոսնակ Արմեն Մուսինյանի խոսքով՝ հստակ չէր՝ կմասնակցեր վերջին պահին, թե ոչ։ Թերևս այդպես էլ չեկավ։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հետ կապ հաստատել չհաջողվեց, թեպետ վերջինս վերջերս ցանկացած անկապ պատճառով կեցվածք է ընդունում տեսախցիկների առաջ: Բնականաբար մեր ճշգրտումը լինելու էր ոչ թե նրա ընտրել-չընտրելու, այլ նրա բոսի կատարելիք քայլի առնչությամբ: Սակայն, ըստ ամենայնի, ՀՀ էքս նախագահը չմասնակցեց ընտրություններին, քանի որ նրա անձնագիրը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում:

Սերժ Սարգսյանի մասնակցության մասին որեւէ տեղեկություն չկա. նրա գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանի հեռախոսահամարն անհասանելի էր:

Ավելի ուշ՝ երեկ երեկոյան, 09/18 ընտրատեղամասի հանձնաժողովից փոխանցեցին, որ նախկին նախագահներից ոչ ոք չի եկել քաղաքացիական պարտքը կատարելու:

Ընտրություններին չի մասնակցել նաև Նեմեց Ռուբո-Ռուբեն Հայրապետյանը, ով չի մասնակցել նաև ՀՖՖ նախագահի ընտրություններին: