ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը ընդունել է Համաշխարհային բանկի` տրանսպորտի և ՏՀՏ պրակտիկայի մենեջեր Խուան Գավիրիայի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Նախարարը նշել է, որ ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում»-ը նախարարության լավագույն ծրագրերից է, որը ոգևորությամբ է ընդունվում նաև համայնքների բնակիչների կողմից: Ծրագիրն իրականացվում է արդեն 10 տարի՝ երկու փուլով. ներդրվել է 85 միլիոն դոլար ու վերականգնվել է շուրջ 600 կմ ճանապարհային ենթակառուցվածք:

Խուան Գավիրիան շնորհակալություն է հայտնել արդյունավետ գործակցության համար, ընդգծել է, որ արդյունքը շատ գոհացնող է: Նա ասել է, որ առավոտյան այցելել է ծրագրի շահառու երկու համայնքներ, անձամբ դիտարկել կատարված աշխատանքն ու լսել համայնքի ղեկավարների գոհունակության խոսքերը: Նրանք նշել են, որ վերջնարդյունքը շատ ավելի գոհացուցիչ է եղել, քան իրենց սպասումները, քանի որ, բացի ասֆալտապատումից, ծրագրի շրջանակներում ճանապարհները ապահովվել են անվտանգության նշաններով ու գծանշումներով, հարկ եղած ժամանակ տեղափոխվել են նաև գազատար ու ջրատար համակարգերը:

«Կենսական նշականության ճանապարհների վերականգնման» ծրագիրը նախատեսվում է ավարտել 2018թ. վերջին, սակայն ՀԲ ներկայացուցչի և նախարարի քննարկման ընթացքում դիտարկվեց ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությունը, որի դեպքում այն կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:

Նախարարը նշեց, որ շարունակական համագործակցության պատրաստակամությունը մեծ է, և կառավարությունը սահմանել է ճանապարհաշինության ոլորտում որակի խստագույն հսկողություն, ինչը վերաբերում է նաև այս ծրագրին: Կարևորելով համայնքների զարգացման գործում ճանապարհների բարելավման դերը՝ Աշոտ Հակոբյանը նաև նշել է, որ ծրագիրը կնպաստի միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացին: