Ճուտը՝ մի քվե:

Ամենակարևորը. ուժերի այսօրվա հարաբերակցությունը պարզվեց-պարզաբանվեց:

Քաղաքական ուժերը, որոնք, պարզվեց, ընդամենը մի երկու վտիտ ճուտ ունեն, այսուհետ կսղվեն քաղաքական դաշտից: Եթե մնացին՝ իրենց հետևից էրեխեքը հա՜ պտի բղավեն. «Լո՜ւ-զե՜ր, լո՜ւ-զե՜ր»…

Անհանգստություն կա նրա՛նց շարքերում, ովքեր հասկացան, որ քաշ են գցել, վերն ասված էն երկու ճտի օրն ընկել: Բնական բան է, որ էդպես եղավ, քանզի էդ նախկին ուժերը, որ մնացել էին առանց թխսամոր, առանց հավուր պատշաճի դաստիարակության ու հոգածության, առանց խնամքի, և, որ ամենակարևորն է, առանց տալիք կտի, կամ պտի վաղը չոմալակ ընկնեին, կամ աղվեսները գային-տանեին: Դրանց լավագույն տարբերակն այն է, քանի դեռ ուշ չէ, վռազ «օպտով» գնան, մի հատ աշխարհից անտեղյակ խանութում մի կերպ «իրացվեն»:

Դե ինչ, «Կարգին Հայկոն» կարգին տոկոսներ վաստակեց: Ճիշտ է, «Կարգին Հայկոյին» Նիկո՛լը կարգին օգնություն ցույց տվեց, բայց ո՛վ և ի՛նչ կարող է ասել, մանավանդ անել. թիմի խաղացող մարզիչը լրիվ իրավունք ունի՝ իր խաղացողին կարգին գովազդի, որ «տրանսֆերի» գինը բարձրացնի, որ «տրանսֆերը» կարգին բան լինի:

Արդյունքում՝ «Կարգին Հայկոն» դարձավ «պրեմիեր» լիգայի լիիրավ խաղացող: Մնում է, սկսի կարգին խաղ ցույց տալ, կարգին գոլ խփել, խփած գոլերով իր չուզողների բերանը կարգի՜ն մի հատ կողպեքով ապահով փակի…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ