Ամփոփված են բոլոր՝ 475 տեղամասերի արդյունքները. «Իմ քայլը» դաշինք 81.06%-ով հաղթեց Երևանի ավագանու ընտրությունները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքեց ընդամենը 6.95% ձայն, «Լույս» դաշինքը՝ 4.99%։
Հայկ Մարությանը կստանձնի քաղաքապետի պաշտոնը առանց ավագանու անդամների քվեարկության: Քաղաքական մյուս ուժերը չհաղթահարեցին անցողիկ շեմը՝ չստանալով անգամ 2% տոկոս քվե։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ Հայկ Մարությանը համարվում է իրավունքի ուժով ընտրված քաղաքապետ, քանի որ ստացել է ձայների 50 տոկոսից ավելին. «Եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ»:

Այսպիսի հաղթանակը մյուս ուժերի նկատմամբ՝ այն էլ առանց ընտրակաշառքների և նկատելի խախտումների, աննախադեպ էր Հայաստանի Հանրապետության համար։ Սակայն ֆեյսբուքյան տիրույթում շատերը այսպիսի հաղթանակը այնքան էլ ջախջախիչ չեն համարում՝ նշելով, որ Երևանի բնակչության մեծ մասը պարզապես չի գնացել ընտրության։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ թերահավատորեն է նայում վարչապետի այն խոսքին, թե ընտրությունների ցածր մասնակցությունը պայմանավորված է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսի դադարեցմամբ. «Մի՞թե այդ չարաբաստիկ գազելները ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու խոստումը։ Փաստորեն, արհեստական քաղաքական օրակարգի շուրջ մարդկային մոբիլիզացիան վտանգված է»։

Այնուամենայնիվ, ավելորդ չէր լինի փաստել, որ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ ընտրություններին մեռած հոգիներ չեն մասնակցել, ոչ էլ նրանք, ովքեր վաղուց երկրից դուրս են գտնվում։

Երևանի ավագանու 2018 թվականի ընտրությունները ևս մի բանով կարելի է առանձնացնել նախորդ ընտրություններից։ Թերևս շատերը երեկ զարմացան, երբ համացանցում տեսահոլովակ հրապարակվեց, թե ինչպես էին «Լույս» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանն ու Դավիթ Խաժակյանը այցելել «Իմ քայլը» դաշինքի շտաբ ու շնորհավորել Հայկ Մարությանին:

«Հաղթանակի եւ լավ ընտրություններ անցկացնելու առիթով», -ասել է Արտակ Զեյնալյանը: Սա թերևս աննախադեպ է Հայաստանի համար, քանի որ հազվադեպ են նման դեպքեր պատահում, երբ քաղաքական ուժերը պարզապես պատվով ընդունում են իրենց պարտությունը՝ նախանձով ու չարությամբ չլցվելով հաղթող թիմի նկատմամբ։

                                                                                                       Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ