Ես՝ Արգիշտիս՝ որդին Մենուայի, որ Խալդ աստծու մեծությամբ և ի սարսափ մեր թշնամիների՝ կառուցեցի այս քաղաքն ու անվանեցի Էրեբունի, որ էսօր դուք մայրաքաղաք ունենաք , որ աշխարհը չունի, ես՝ Արգիշտիս, որի անունն անգամ ահարկու էր մեր թշնամիների համար, որ արշավել էր ընդհուպ մինչև, է՜, Բաբելոն, սրտանց շնորհավորում եմ, որ պատվով-նամուսով ընտրություն արեցիք, ձեր սեփական կամքով ու ձեր սեփական ձայնով ձեզ ավագանի ընտրեցիք: Ապրե՛ք, շա՛տ ապրեք: Բարո՛վ վայելեք: Այսինքն՝ ձեր ընտրած էդ ավագանին ձեզ վայել լինի:

Ինչ վերաբերում է «զրո ամբողջ» ու «մեկ ամբողջ» հավաքած, հազա՜ր ներողություն, «ուժերին», ապա, արա՜, ձեզ պե՞տք էր, էկաք, իզուր տեղն էսպես խայտառակ էղաք: Եթե ընտրողների ընդհանուր թիվը մոտ 800 հազար է, դրանցից էլ ընտրությունների մասնակցել են մոտ 400 հազարը, դրա մի տոկոսը ինչքան է անո՞ւմ: Ապրե՜ք, 4 հազար հոգի: Ուրեմն էդ իմ հսկայակա՜ն, միլիոնանո՜ց քաղաքում ընդամենը 4 հազար հոգի մա՞րդ է ձեզ հարգում: Բա ի՞նչ էիք 4 միլիոնի աղմուկ բարձրացրել: «Է՜ս ենք անելու, է՜ն ենք անելու, սրա՜ն ենք հաղթելու, նրա՜ն ենք հաղթելու, նոր վարչապե՜տ ենք հեսա ընտրելու»: 6 տոկոսանոց ընտրաշեմն անգամ ի զորու չեղաք, որ հաղթահարեք, նոր վարչապե՞տ էիք դրել-ընտրում: Նե՜նց էլ մի կարևորություն էիք դուք ձեզ հաղորդում, որ ինձ թվաց՝ մինիմում մի 100-150 տոկոս ձայն կհավաքեք: Հարյուր անգամ քի՜չ հավաքեցիք, անխի՜ղճ:

Պարզվեց ոչ թե քաղաքապետ, այլ, վախենամ, վաղը մի հատ կորած-մոլորված գյուղի գյուղապետ անգամ ի զորու չըլնի՝ ձեր միջից ելնի: Ե՛ս ձեր տեղն ըլնեի, մանդատս կդնեի, կգնայի Խալդի տաճարում շարքային քուրմ կաշխատեի: Խալդին դուք չեք պաշտում, բայց հո՞ վանք կա. մանդատը դրե՛ք, գնացե՛ք, վա՛նք մտեք, Խաչի՛ն ներկայացեք, Խաչը համբուրե՛ք, ձեռի հետ հին ու նոր մեղքե՛րը խոստովանեք ու ապաշխարեք, ավելի լավ է, քան թե պառլամենտում հեռուստախցիկի առաջը նստած այսուհետ կադրում երևաք ու դեռ, ավելին, ելո՛ւյթ ունենաք: Ինչո՞ւ: Որովհետև էլ երե՞ս ունեք, որ այսուհետ արար աշխարհին ցույց տաք: Բա որ ասում էի՝ «սնայպեր» Սերժի ու «նշանդիր» Ռոբերտի տեղը հլա շա՜տ կզգաք. հիմա ձեզ համար ո՞վ է «որսի» ելնելու ու կրակելու: Ո՜նց ի՛նչ կրակելու: Թի՜վ, ուրիշ էլ ի՞նչ:

Մի խորհուրդ էլ տամ նրա՛նց, որ էդ մի տոկոսի՛ց էլ քիչ ձայն հավաքեցին: Տղե՛րք ջան ու աղջիկնե՛ր ջան, ձեր ընկած վիճակն այսօր նույնն է, ինչ քաղաքիս ընկած վիճակը: Հլա զիբիլը կհավաքեն, կգնա, բայց ձեր արարմունքը դժվար էդքան հեշտ մարդիկ մոռանան: Հարյուր հազարի աղմուկ հանեցիք, հազար ձայն անգամ չհավաքեցիք: Թարկե՛ք քաղաքականությունը, գնացեք ուրի՛շ գործի, գնացե՛ք՝ «Սանիթեքի՛ն» օգնեք, ցախավելն առե՛ք, քաղա՛քս ավլեք: Բա ո՞նց. ամեն ոք էս աշխարհում ի՛ր առաքելությունն ունի:

Անցնեմ հաղթողին: Ոնց որ հասկացա քաղաքիս «մեռի» պաշտոնն «սպառնում» է «Կարգին» մականվամբ Մարության Հայկին: Քո ու ձերոնց հարցում էլ, Հա՛յկ ջան, ոնց որ տղուցս սերած էն ազգը կասեր, «я՛ лоханулся»: Հա՛, զգում էի, որ դու ես հաղթելու, բայց ո՛ւմ մտքով կանցներ, որ էդքան խոշոր հաշվով:

Ըստ այդմ, Հա՛յկ ջան, ուշադիր լսի՛ր: Քաղաքապետարանի էդ շենքը հենց մտար, առաջին բանը, որ անում ես, քեզ լուրջ ես պահում: Էլ ո՛չ մի սերիալ: Ո՛չ մի ծուռ բերան: Բերանդ սիրո՜ւն դզում ես, դո՜ւզ խոսում ու դո՜ւզ գործերի անցնում: Քաղաքում ինչքա՛ն խանգարող հանգամանք կա, կամա՜ց վերացնում ես, ինչքա՛ն հաբռկած էծ կա, սարքում ես խոնարհ ու խելոք գառ, ինչքան արծվի անձնագիր հանած աքլոր ու սագ կա, նորից ղրկում ես «պասպորտի» սեղան՝ իրանց ծննդյան վկայականին համապատասխան անվամբ գրանցվելու, ինչքա՛ն «սպիդոմետրն» ու համարները հանած, հաբռգած ավտո կա, կամա՜ց կարգի ես հրավիրում, չե՞ն հրավիրվում, ավտոները հերթով ձեռներից առնում, մանկատներին ու դպրոցներին ես նվիրաբերում: Քաղաքը պլպլացնում, ամեն առավոտ ջրջնում, նոր ես գալիս գործի: Ինչքան ձրիակեր հիմնարկ կա, դրանց ձեռից մի ձևով կոմունալ ու սպասարկման ոլորտն ես առնում, տալիս կարգին կազմակերպությունների: Ո՛ր քաղաքացու աղբը չտարան, ո՛ր քաղաքացու ջուրը կտրեցին, մեղավորները էդ քաղաքացուն տույժ ու տուգանք են այսուհետ վճարում: Դե ի՜նչ ասեմ քեզ, հզոր երևակայությամբ օժտված տղա ես, զոռ տուր դրան ու հառա՜ջ… Բայց հենց որ տեսար՝ շա՜տ ես զոռ տվել, թե ես սանձ էի քաշում, դու «ռուչնոյդ» քաշի՛ր…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.ս.պ.գ. (հետսեպագրություն) Հայկո ջա՜ն, մոռացա՝ ասեմ, մեկ-մեկ դու էլ վանք կգնաս, էղա՞վ. համ միշտ զգոն կըլնես, որ չմեղանչես, համ էլ կտեսնես՝ էն վանք մտածները ո՛նց են յոլա գնում. հիմա էլ վանքո՞ւմ հո չեն դրել-խառնում: