Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ստացվել են մայրաքաղաքի բոլոր՝ 475 ընտրատեղամասերից:

Ըստ այդմ՝ ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 294 109 քվեով կամ 81.06%-ով  առաջատարը  «Իմ քայլը» դաշինքն է, որի ցուցակը գլխավորում է քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, Հայկ Մարությանը համարվում է իրավունքի ուժով ընտրված քաղաքապետ. «Եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ», -ասված է օրենքի համապատասխան հոդվածում:

Հրապարակված նախնական արդյունքներով՝ երկրորդ տեղում 25 219 քվեով կամ 6.95 %-ով  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, երրորդում՝ «Լույս» դաշինքը՝ ձայների 4.99%-ով կամ 18 112 քվեով։

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 370 323 քաղաքացի կամ ընտրողների 43.65 տոկոսը:

 

">