ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց Երեւանի թիվ 78 դպրոցում տեղակայված 4/35 տեղամասում: Նրա հավաստմամբ իրենք հետամուտ են լինելու, որպեսզի նոր Հայաստանում բոլոր օրինախախտները պատասխանատվություն կրեն: Նա անհասկանալի իրավական ձեւակերպումներ է համարում Դանիել Իոաննիսյանի հայտարարությունները, որ ֆլեշմոբի համար տուրքեր պետք է վճարվեին. «Լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ: Մեր իրավաբաններն արդեն պարոն Իոաննիսյանի դեմ վարչական վարույթ են հարուցել»։

Հիշեցնենք, որ երեկ ասուլիս էր հրավիրել «Անկախ դիտորդ» դիտորդական դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը` հայտարարելով, որ ԲՀԿ-ն նախօրեին իրականացրած ֆլեշմոբի մասնակիցներին գումար է բաժանել: Ասուլիսի սրահ էին ներկայացել նաև ԲՀԿ-ի երիտթևի ներկայացուցիչներ`Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ. այն վերածվել էր քաշքշուկի ու վեճի։

Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է, որ ընտրակաշառքներ չեն եղել, ապա դիմելով՝ ոստիկանապետ Օսիպյանին, հորդորում է փաստերով խոսել. «12 օրվա ընթացքում իրենք այդպես էլ չկարողացան ներկայացնել մեկ անձի, որն ընտրակաշառք է բաժանում: Չեն էլ կարողանալու, որովհետեւ չի լինելու ընտրակաշառք: Սիրելի, հարգելի, Հայաստանի հանրապետության հպարտ ոստիկանապետ` կամ Դուք ներկայացնում եք կոնկրետ մեկ փաստ, որը չեք կարող ներկայացնել, որովհետեւ չկա, կամ ես խնդրելու-հորդորելու եմ ձեզ, որ քրեական պատասխանատվության ենթարկեք սուտ մատնության հոդվածով բոլոր այն անձանց… իսկ ես, չգիտես ինչու, վստահ եմ, որ այդպիսի մարդիկ գրեթե չեն եղել, որեւէ կեղծ ահազանգ չի եղել»:

Լրագրողները հանդիպելով ոստիկանապետ Օսիպյանին, ով նույնպես շտապել էր իր ընտրությունը կատարելու՝ փոխանցել էին Զոհրաբյանի հորդորն ու պահանջը։ Հիշեցմանը, որ Նաիրա Զոհրաբյանը կատարվածը համարել է սուտ մատնություն և կոչ է արել քրեական գործ հարուցել, Օսիպյանը նշեց. «Դա Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին: Ոստիկանությունը տիրապետում է ողջ Հայաստանի օպերատիվ իրավիճակին: Ցանկացած ահազանգ, գրառում, որ տեղի է ունենում մեր օգտատերերի կողմից, ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրում է: Ի՞նչ է նշանակում չգնանք ահազանգի հետքերի հետևից»:

Անդրադառնալով ԲՀԿ գրասենյակում ոստիկանների կատարած գործողություններին՝ Օսիպյանը շեշտեց՝ ոստիկանության բոլոր գործողությունները օրենքի շրջանակներում էին, գործն էլ օրենքով ընթացքի մեջ է:

                                                                                          Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ