Անդրադառնալով Սահմանադրության փոփոխման հարցին՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում, մինչը քվեարկությանը մասնակցելն ասել է, որ «երբ խորհրդարան կգա Սահմանադրության փոփոխության վերաբերյալ նախագիծ, որը ենթադրելու է խորհրդարանի լուծարման նոր մեխանիզմներ, ԲՀԿ-ն կքննարկի եւ մենք մեր որոշումը կկայացնենք» ու հավելել. «Եթե անգամ մենք կողմ լինենք ԱԺ-ն լուծարելուն եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալուն, դա լինելու է բացառապես մեր որոշումը: Դա չի լինելու որեւէ մեկի ճնշմամբ ու դիկտատով: Չի կարելի քաղաքական ուժերին սպառնալ ժողովրդով, որովհետեւ ինչպես ՔՊ-ի թիկունքին կան կանգնած հազարավոր մարդիկ, վստահեցնում եմ ձեզ՝ ԲՀԿ-ի, «Լույսի», «Ժառանգության», ՀՅԴ-ի, բոլոր ուժերի հետեւում էլ կանգնած են իրենց համակիրները: Ես անբարո եմ համարում, որ մենք ասենք՝ դե որ տենց է, մենք էլ մեր համակիրներին կհանենք հրապարակ եւ տեսեք, թե ում համակիրներն են ավելի շատ: Չի կարելի, մենք պետք է հասարակությանը ոչ թե պառակտենք, այլ միավորենք»: