Հարգարժան պարոն Օսիպյան, տոնական այս օրերին մայրաքաղաքի բակերը վերածվել են դժոխային զվարճավայրի: Վաղ առավոտից մինչև ուշ երեկո որոշ անկիրթ մանուկներ և պատանիներ զվարճանում են, ճայթուկներով և պայթուցիկներով դղրդացնելով երկիր ու երկինք: Ճայթուկներն ու պայթուցիկնեը վաճառվում են անարգել: Այնինչ ՀՀ առողջապահության նախարարության իրազեկմամբ «…հրավառություններից և պայթուցիկների գործածությունից առաջացած աղմուկը համարվում է ազդակային և բացասաբար է ազդում բնակչության առավել զգայուն խմբերի՝ երեխաների, ծերերի, հղի կանանց և առողջական խնդիրներ ունեցող անձանց նյարդային, սրտանոթային, էնդոկրին և լսողական համակարգերի վրա»: Սա մի դրվագ-մեջբերում է ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտաշես Ջավադյանի գրությունից, որը 2018-ի նոյեմբերի 27-ին ուղղվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին:

Արդ, առաջարկում եմ Ձեզ մարտական շքախմբով հանդերձ շրջել մայրաքաղաքի բակերում և ստուգել բակակից վաճառատները: Ի մասնավորի՝ համեցեք Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի թիվ 26 շենքի բակը:

Սպասում ենք…

Ի հարգանքս զձեզ՝ Զարզանդ ԶԵՓՅՈւՌՅԱՆ