Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը բավականին ուշադիր էր մշակույթի, գիտության և արվեստի հանդեպ: Ի դեպ, այդ կառուցողական մտայնությունը իշխող էր ԽՍՀՄ անվանումով և կապիտալիստական աշխարհի ահ ու սարսափը դարձած կայսրապետությունում:
Ինչպես ողջ երկրում, այնպես էլ Հայաստանում նկարիչներն ու քանդակագործները նկարում ու կերտում էին Լենին և Կրուպսկայա, Մարքս ու Էնգելս, առաջավոր բանվոր և առաջադեմ կթվորուհի: Նկարիչը նկարում էր, քանդակագործը տաշում, կուսղեկավարությունը հրճվում և լիառատ ֆինանսավորում էր կերպարվեստի վարպետներին:

Վերջիններս հրճվում էին, թե ոչ, դժվար է ասել, զի անհատակ անդունդ է նկարչի հոգին` անհատակ, գունագեղ և անկանխատեսելի: Սակայն ստուգապես հայտնի է, որ փառահեղ կյանք էին վարում նկարիչները, գտնվելով պետության հովանու ներքո, վաստակելով խոշոր գումարներ և զբաղվելով սրտին հարազատ ստեղծագործական աշխատանքով:
Արգասաբեր էր հայ կերպարվեստը խորհրդային 70 տարիներին և’ նշանավոր անուններով, և’ բազմանշանակ գործերով: 
Հերթական հանրապետական ցուցահանդեսն էր Նկարչի տանը: Կարեն Դեմիրճյանը (ՀԽՍՀ կենտկոմի 1-ին քարտուղարը) և Ֆադեյ Սարգսյանը (հանրապետության մինիստրների խորհրդի նախագահը), հասկանալի է, կուսակցական և վարչական շքախմբերի ուղեկցությամբ դիտեցին ցուցահանդեսը ուշի-ուշով: Սա ավանդույթ էր, հանրապետության բարձրագույն ղեկավարությունը պարբերաբար ներկա էր գտնվում Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված նշանավոր ցուցահանդեսներին:
Դիտումն ավարտվելուց հետո, դարձյալ տուրք տալով վաղեմի ավանդույթին, Դեմիրճյանն ու Սարգսյանը հյուրընկալվում են Նկարիչների միության ղեկավարությանը: Միության ղեկավարը Սարգիս Մուրադյանն էր:
Դեմիրճյանը Նկարչի տանը ուներ բյուրեղապակյա մի ըմպանակ, որով նրան մատուցվում էր կոնյակ, հասկանալի է, «Վասպուրական» տեսականիի: Բաժակներն ու ըմպանակները լցվում են խնկաոսկի հեղուկով: Կարեն Դեմիրճյանը, ըմպանակը վեր բարձրացնելով, անսպասելի դիմում է Սարգիս Մուրադյանին.
-Որքա՞ն ես գնահատում այս բաժակը:
-500 հազար ռուբլի, -առանց աչքը թարթելու հետևում է Մուրադյանի պատասխանը:
Դեմիրճյանը, շրջվելով, դիմում է ընկեր Սարգսյանին.
-Ֆադեյ Տաճատիչ, դո՞ւ որքան ես գնահատում այս բաժակը:
-300 հազար ռուբլի, -հնչում է պատասխանը:
Դեմիրճյանը այս անգամ դիմում է երկուսին.
-Եկեք 400 հազարի վրա համաձայնեք, որ կարողանամ կոնյակս խմել:
Համաձայնում են: Կարեն Սերոբիչը խմում է 400 հազար ռուբլի գնահատված խմիչքը:
Երեք օր անց 400 հազար ռուբլին Հայաստանի նկարիչների միության հաշվեհամարի վրա էր:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ