«Դա քիմիա է (Պուտինի «խելահե՜ղ սերն ու համակրանքը»՝ ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ), որը միշտ չէ, որ բացատրվում է: Դա կարող է լինել ե՛ւ անցածը, ե՛ւ փոխադարձ համակրանքը: Ով իմանա: Չեմ կարծում, որ կա որոշակի առանձին գործոն, դա գործոնների հանրագումար է, որոնք համադրվում են եւ ստեղծում հուզական սիներգիա մարդկանց միջեւ: Եվ դա դառնում է նման հարաբերությունները ամրապնդող երեւույթ»:

«Կոմերսանտը»՝ «Կոմերսանտին»

Ինչ վերաբերում է «սիներգի՛ա» տերմինին, ապա, «հուզակա՛ն» ասած, սա այն դեպքն է, երբ երկու հոգի, միավորելով իրենց ջանքն ու էներգիան, արդյունքում «շողարձակում են այնպիսի էներգիա», որն ավելի մեծ է, քան պարզ հանրագումարը նրանց առանձին-առանձին «շողարձակումների»: Իսկ կոպի՛տ ասած՝ եթե Պուտինն իր էղածով արժանի է, ասենք, 5 միավորի, իսկ Քոչարյանը՝ 0,5 միավորի, ապա, սիներգիայի արդյունքում, իրանք էրկուսով արժանանում են ոչ թե 5 ու կես գնահատականի, այլ 15 ու կես:
Բա՞, ժողովուրդ ջան, ՀՀ երկրորդ նախագահն էստեղ էլ Պուտինի՛ հաշվին է իր բալն ու քաշը բարձրացնել փորձում: Բայց բանն այն է, որ Պուտի՛նն էդ բանից տեղեկություն չունի: Հակառակը էդ մարդու հիշյալ «սիներգիան» արդեն մանրի՜ց դարձավ… ալերգիա:

Հիշո՞ւմ եք՝ անեկդոտ կար: Տղան ուզում է մի աղջկա հետ մտերմանալ: Գալիս ընկերների մոտ, շատ ուրախ-զվարթ, թե՝ «Գործս 50 տոկոսով էղել է»:
«50 տոկոսը ո՞րն է, ա՜յ ախպեր»
, -զարմացած հարցնում են ընկերները: «Ես համաձայն եմ, աղջիկը՝ ոչ», -պատասխանում է ՀՀ երկրորդ նախագահի այս նախատիպ տղան:
Այնպես որ, Պուտինն իր վերջին սերն արտահայտեց, երբ ՀՀ երկրորդ նախագահի ծնունդը շնորհավորեց: Դրանից հետո սերն ու սիներգիան գնաց, ալերգիան մնաց…
Ինչու գնա՞ց:
Որովհետև Պուտինը չի սիրում, երբ զոռով-ամոթու իր չսիրած բանն է ճարահատ անում:

Ինչ վերաբերում է «Կոմերսանտի» թղթակցի հետ եղած զրույցի մնացած մասին, ապա 15-20 էջ կազմող այդ սիրո բացատրություն-ճառին մանրամասն անդրադառնալու զահլա չկա, քանզի ՀՀ երկրորդ նախագահը կրկնում է իրեն: Ուստի անդրադառնամ սույն «քիմիկոսի» նո՛ր սինթեզած թույնով թունավորված այ էս մի երկու հատվածին միայն:
Ահավասի՛կ:
Պարոն նախկին կոմերսանտ-նախագահը «Կոմերսանտի» թղթակցի հարցին, թե ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանում, պատասխանում է. «Չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը գիտի, թե ինչ է կատարվում»:
Այսինքն՝ Հայաստանում ապրող բոլորին,
պարո՛ն «զրոյից սկսած» ու կոմերսանտ դարձածների գերդաստան-կոնցեռնի գլխավոր տնօրեն, գժի տե՞ղ եք դրել: Մենակ ցնդած մարդն է, որ երբ բան է անում, չի իմանում, թե ինքը ինչ է անում: Սակայն արդեն հաջո՛րդ հարցին պատասխանելիս պարոն նախագահն հենց ի՛նքն է ցուցադրում հոգեկան երկվության շատ վառ ու շատ գեշ կանխանշաններ: Խնդրե՛մ:
«Կոմերսանտի» թղթակից  -Բարի՛: Բայց ի՞նչ կատարվեց Հայաստանում: Մայիսյան իրադարձություններն, ըստ ձեզ, ի՞նչ էին:
Ռ.Ք.
-Իշխանափոխությո՛ւն…

Սակայն ինչպես տեսաք, էրկու րոպե առաջ էս էքս-նախագահ մարդը շատ լսելի ասաց՝ «Չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը գիտի, թե ինչ է կատարվում»:
Հիմա կարծո՞ւմ ես, թե՞ «ո՛չ կարծում ես», պարո՛ն էքս-նախագահ: Սույն քսան էջանոց սիրո բացատրությունից հասկացանք, որ դու գժվում ես Պուտինի համար, Պուտինն էլ՝ քեզ համար. բայց ո՛չ հայ ժողովուրդը: Էնպես որ զուր ես հայ ժողովրդի՛ն… գժի տեղ դրել՝ մեղադրելով նրան, թե ինքը չգիտի՝ ինչ է կատարվում իր Հայրենիքում, մանավանդ երբ կատարողն էլ հենց ինքն է որ կա: Իսկ եթե էդ խենթ սիրույդ արդյունքում դո՛ւ չես իմանում՝ ինչ է կատարվում, ապա էրկու րոպե հետո ո՞նց ես իմանում, որ կատարվում է իշխանափոխություն: Այ հենց է՛ս էր, որին քիչ առաջ ասի «հոգեկան երկվություն», շատ սրվա՛ծ, բարդացա՛ծ «հոգեկան երկվություն»…

Կամ, ասում եք՝ «Փաշինյանը, կանխազգալով ապստամբ տրամադրությունները, ճիշտ ժամանակին գլխավորեց մարդկանց, որն էլ վերաճեց իշխանափոխության»:
է՜, դո՜ւք գլխավորեիք:
Չգլխավորեցի՛ք:
Ինչո՞ւ:
«Слабо?»՝ ոնց որ սիրույդ բաղձալի առարկան կասեր:
Կամ, եթե զահլա չունեիք գլխավորելու, հիմա ո՞նց եք ասում. «Ես ներգրավվելու եմ քաղաքական գործընթացներում: Ինչ ձևաչափո՞վ: Դա կարող է լինել կուսակցություն, կարող է լինել շարժում»:

Ի՞նչ շարժում, պարոն էքս-էքս-նախագահ:
Էդ մուրազածդ «շարժման» «շարժիչ ո՞ւժն» ով է լինելու:
Հրապարակի շենքի վրա ձեզ աջակցելու դրոշ պարզած Է. Էռնեկյանը, որին էդ շենքը դուք էլ նվեր էիք տվել, ու մի քանի հոգի՞:
Էռնե՜կ էդ «շարժմանդ» ու էդ «շարժողներիդ», էռնեկ ձեր էդ «կույր լավատեսությանը»
Կամ էդ ի՞նչ խանդի տեսարան էր, որ ողջ Ռուսաստանի դեմ էդպես սարքեցիր.
«Կոմերսանտի» թղթակից  -Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա, այցելեց Վլադիմիր Պուտինին և ասաց նրան, որ Ռուսաստանի հետ առկա են հրաշալի հարաբերություններ, և որ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է:
Ռ.Ք.
  -Նա էդպես փորձում է շտկել տպավորությունը, որը թողել էր իր առաջին քայլերից ու նախկինում ծավալած իր ողջ գործունեությունից հետո…

…Պարոն էքս-էքս-նախագահն այստեղ ուզում է ասել, որ Պուտինի ու Փաշինյանի միջև եղածը, ի տարբերություն իր ու Պուտինի միջև եղածի, բնավ էլ սեր չէ: Հազա՜ր հատ Նիկոլ ըլնի՝ Պուտինը, մեկ է, իրե՛նն է, իրե՛ն է սիրում, իր ու նրա միջև սեր ու սիներգիա՛ է, իր ու նրա միջև մի հատ նե՜նց բան է, որ էս աշխարհում ուրիշ ոչ մի «զույգի» միջև գոյություն չունի: Բայց, ավա՜ղ, պարոն էքս-էքս-նախագահ, ոնց որ թե սերը գնացել, անդուր դեղնականա՜չ գույնի շիճուկն է մնացել, սիներգիան պրծել, ալերգիա է դարձել: Շատ արագ տեմպերով «прогрессирующая алергия»: Թե էդ բանը Ձեր գլխում տեղավորվելու հեչ հարմար բան չէ, Պուտինը շուտով… կտեղավորի:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ