«Շաբաթվա վերջին գիշակեր անգղերը բզկտեցին պատուհանների մետաղյա ցանցերը, լուսամուտներով ու պատշգամբով խուժեցին պրեզիդենտական պալատ, թևաբախումներով ալեկոծեցին Մեռյալ ժամանակի հեղձուկ օդը, և երկուշաբթի լուսաբացին քաղաքն, ի վերջո, արթնացավ լեթարգիական դարավոր քնից»:
Սույնը Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» վեպի առաջին տողերն են, իսկ պալատը մեր Բաղրամյան-26-ն է:

«Իր աշնան դեղին տերևաթափի տարիներին նա համոզվեց, որ երբեք ի զորու չի լինի իր ողջ իշխանության տերը լինելու, երբեք չի ընդգրկի ողջ կյանքը, քանզի դատապարտված է կյանքի թիկունքային կողմը ճանաչելու ճակատագրով» (թիկունքային կողմը՝ ասպատակված հայրենիքն է):
Սրանք էլ այդ նույն Գաբրիել Գարսիա Մարկեսի այդ նույն «Նահապետի աշունը» վեպի գրեթե ամենավերջին տողերն են:

Ես գրեթե կասկած չունեմ, որ ՀՀ 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահները չեն կարդացել «Նահապետի աշունը» ցնցող վիպասքը ու ընդ որում չեն կարդացել միանգամայն օբյեկտիվ պատճառներով: Առաջինն այդպես էլ մնաց մատենադարանական ուսումնասիրության տարիների պատմության դարձածալքերում, երկրորդն ի բնե ատելություն ուներ գրքի ու գրավոր խոսքի հետ առնչվող ամեն ինչի նկատմամբ, երրորդի վառ երազանքների գագաթն են եղել Մոնտե Կառլոյի ու Բադեն-Բադենի խաղատներն ու այդ բյուրեղյա երազանքն ի կատար ածելը:

Ափսո՜ս, որ չեն կարդացել: Սակայն ուշ չէ, կարող են կարդալ ուշի-ուշով և անոթի փորով: Կարդան և ապաշխարեն: Իսկ եթե դեմ են ապաշխարությանը, ապա թող արտագաղթեն արյան շնչով իրենց կանչող բնակավայրեր. 1-ինը՝ հարազատ Իսրայել, 2-ը՝ մայրական գրկի պես տաք ու կանչող Մոսկոֆ, 3-ը՝ օֆշորի համարում ունեցող որևէ կղզի: (ցանկալի է՝ անմարդաբնակ):

Ինչո՞ւ արտագաղթեն:
«Ինչո՞ւ» հարցը վերանում է ինքնըստինքյան: Զի նրանք խեղել են մեր պետականությունը և հեղեղել են երկիրը մեր ճորտության և ուզվորության (սա մի կողմից), կողոպուտի և ցինիզմի բացիլներով (սա էլ մյուս կողմից):

Սակայն արտագաղթից առաջ պետք է ընդունել օրենք երկրի նախկին նախագահների ձեռնմխելիության մասին: Սույն օրենքը պետք է նախ պահանջի, որ Լ.Տ.Պ.-ն, Ռ.Ս.Ք.-ն և Ս.Ա.Ս.-ը վերականգնեն երկրին պատճառած նյութական վնասը, որը շուրջ 20 միլիարդ դոլար է, ծնկաչոք 13 (13-ն իրենց թիվն է այն ահարկու մեծ թվի հետ) պտույտ կատարեն «Հանրապետության» հրապարակում և երկիրը լքեն  ոտաբոբիկ:

Քանի դեռ նրանք շնչում-արտաշնչում են, քանի դեռ ահասարսուռ անպատկառությամբ քմծիծաղում են, ապա, վստահ եղեք, ՀՀ-ն չի դառնա ազգային-պետական միավոր:

                                                                                            Զարզանդ ԶԵՓՅՈւՌՅԱՆ

Հ.Գ. Հույժ անհրաժեշտ է, որ նախագահների արտագաղթի հենց հաջորդ օրը կասեցվեն նրանց քաղաքական հենարանների՝ ՀՀՇ-ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի գործունեությունը՝ թույլ տալով  սկսել մաքուր, չաղտոտված  էջից, եթե, իհարկե, կամենում են  կամ դրա համար ուժ  կգտնեն  իրենց մեջ: