Թեհրանում ծնված ու մեծացած երեք երիտասարդներ՝ Դանիելը, Առնեն ու Արինը, մեկը մյուսից անկախ եկան Հայաստան, սիրահարվեցին հայրենիքին ու որոշեցին՝ ապագան այստեղ է պետք կառուցել։ Պարսկահայ երիտասարդների՝ ապագայի մասին ընդհանուր տեսլականն էր պատճառը, թե, ուղղակի, սովորական զուգադիպություն էր, Դանիելը Երևանում նախ ծանոթացավ ապագա կնոջն ու գործընկերոջը (կնոջ եղբորը)՝ Առնեին, ովքեր նույնպես Թեհրանից էին եկել, ապա հանդիպեց նաև դասընկերոջը՝ Արինին։

Հայրենիքում իրար գտնելուց կարճ ժամանակ անց դրվեց նրանց ընդհանուր գործի հիմքը։ «Երբ 2004 թվականին վերջնականապես հաստատվեցի Հայաստանում, որոշեցի Ամերիկյան համալսարանում արդյունաբերական ճարտարագիտություն սովորել։ Ուսումս ավարտելուն պես աշխատանքի անցա ու, թեկուզ մի քանի աշխատատեղ փոխեցի, մեծ հաշվով, սննդի ոլորտից դուրս չեկա։ Եվ քանի որ, մի կողմից արդեն շատ լավ պատկերացնում էի, թե ինչպես կարելի է արտադրություն կազմակերպել, մյուս կողմից էլ մանկուց չրերի պատրաստման հետ սեր ունեի, մի քանի տարի առաջ արդեն մտածում էի սեփական գործ սկսելու մասին։ 2017-ին, երբ դուրս եկա Ջերմուկի նորակառույց գործարանից, մտահղացումս անմիջապես թղթին հանձնեցի. երկու-երեք ամսում նախագծեցի ապագա չրանոցը, կազմեցի բիզնես պլան, իհարկե, չրի պատրաստման տեխնոլոգիան բավականին ուսումնասիրելուց, սարքավորումների ձեռք բերման հնարավորությունները դիտարկելուց հետո, ու արդեն պատրաստվում էի ներդրումների համար դիմել այդ գործով հետաքրքրված ներդրողների։ Այդ ժամանակ Առնեն ու Արինը, ովքեր նույնպես սեփական գործ ունենալու մասին էին մտածում, որոշեցին միանալ ինձ ու համատեղ ուժերով, միայն մեր միջոցներով 2017թ. ապրիլին հիմնեցինք «ԱԴԱ Հոլդինգ» ՍՊԸ-ն», -հաջողված համատեղ ձեռնարկի մասին պատմում է Դանիելը։

Արտադրամասի վայրի ընտրության հարցում երիտասարդները չեն վարանել. Արզնիում Առնեի ընտանիքին պատկանող ամառանոցն ու մոտակա լքված արտադրամասը Դանիելը մեկ ամսում լիովին հարմարեցրեց իրենց պահանջներին, ու անցան գործի։ Հուլիսի վերջին արդեն «Չրենի» ապրանքանիշի փորձնական խմբաքանակը ստացել էին։ Առաջին իսկ տարում շուրջ 12 տոննա խնձոր, նույնքան էլ սալոր ու արքայանարինջ են մթերել, ստացված մոտ 5 տոննա չրեղենը նույն տարում իրացնել, սակայն, չեն հասցրել. «2018-ի հունվարի վերջին նոր սկսեցինք վաճառքը։ Բայց ասեմ, որ պահպանման պայմաններին այնպիսի խստությամբ ենք հետևում, որ անգամ անցած տարվա ապրանքի հետ կապված ոչ մի խնդիր չի առաջացել։ Առանց որևէ խնդրի, սկսեցինք աշխատել թե´ սուպերմարկետների ցանցերի, թե´ սրճարան-ռեստորանների հետ», -այս առումով փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների դժգոհությունների պատճառը չի հասկանում երիտասարդ գործարարը։

Տեղական շուկայում, որը, Դանիելի խոսքով, իրենց դեպքում սահմանափակվում է հիմնականում Երևանով, իրացման ծավալները գոհացնող են, չնայած գովազդային արշավ կամ մարքեթինգային հատուկ քաղաքականություն չեն վարում, մարդիկ «Չրենիին» ծանոթանում են սուեպերմարկետների փեղկերից, սրճարանների մենյուից կամ էլ ցուցահանդեսներում։ Վերջինները հատկապես բիզնես գործընկեր գտնելու առումով է կարևորում ապրանքանիշի համահիմնադիրը. «Մեզ համար կարևոր է բիզնես գործընկեր գտնելը, որպեսզի արտահանման խնդիրը կարողանանք լուծել։ Առաջին հերթին Ռուսաստան ենք ուզում արտահանել, քանի որ ԵԱՏՄ տարածքում իրացնելը և´ ավելի մատչելի է, և´ իրավական բոլոր գործընթացներն են կարգավորված։ Եվրոպական երկրներում իրացմանը խոչընդոտող միակ բանը սերտիֆիկատ չունենալն է։ ԵՄ անդամ 28 երկրում իրացման թույլտվություն ունենք, էկո կամ օրգանիկ սերտիֆիկատ՝ դեռ ոչ։ Դա ձեռք բերելը թանկ հաճույք է, եթե արտադրության ու իրացման ծավալներն այնքան մեծացնենք, որ արդարացված լինի այդ սերտիֆիկատի ձեռքբերումը, ապա միանշանակ կգնանք այդ քայլին, քանի որ որական առումով ոչ մի խնդիր չունենք», -վստահեցնում է Դանիել Ղևոնդյանը։

Որակի հարցում երիտասարդ գործարարները շատ պահանջկոտ են. այգիները, որտեղից մթերում են հումքը, պետք է գերազանցապես օրգանական պարարտանյութերով պարարտացվեն։ Դրված որակական բարձր չափանիշներն են, որ իրացման հարցում դժվարություններ են առաջացնում. «Մաքուր մթերքի համար պահանջվող բարձր գինը քչերն են պատրաստ վճարել, -ասում է Դանիելն ու շարունակում, -մեր նպատակներից մեկն էլ չրի օգտագործման մշակույթը փոխելն է։ Այն չպետք է միայն Նոր տարվա սեղանին դրվի՝ որպես զարդ, այլ ամենօրյա սննդակարգում օգտագործվի և դառնա առողջ սննդի մի մասը։ Մարդիկ առողջ սննդի արժեքը դեռ լավ չեն պատկերացնում ու երբ 100 գրամ լոլիկի չրի վրա կարդում են՝ գինը՝ 1200 դրամ, շատ դեպքերում նորից տեղն են դնում»։

Որակի դիմաց համապատասխան գին վճարել դժվարությամբ են համաձայնում նաև ռուսաստանյան գործընկերները։ Այդուհանդերձ, «Չրենին» Մոսկվայի մի քանի խանութներում իր տեղն արդեն ամրագրել, առողջ սնունդը կարևորողների կողմից էլ հասցրել է ճանաչվել։

Երիտասարդ գործարարներին ներկա վիճակը չի հուսահատեցնում, փոքր քայլերի արվեստը նրանք սովորում եմ հընթացս։ Եվրոպական շուկա տանող դուռն էլ, հնարավոր է, շատ շուտով բացվի. նոյեմբերին Լիսաբոնում կայանալիք ցուցահանդեսին Հայաստանը կներկայացնի նաև «Չրենին»։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ