2018 թվականին ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճած Ֆերդինանդ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջով հայտնել է, որ, այնուամենայնիվ, չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը: Ադրբեջանը պաշտոնապես հրաժարվել է ապահովել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունը.

«Այնքան էլ լավ նորություն չունեմ:

Եկել էինք Թբիլիսի, որպեսզի մեկնենք Բաքու` մասնակցելու ձյուդոյի աշխարհի առաջնությանը, բայց գալով այստեղ՝ տեղեկացանք, որ Ադրբեջանը մեզ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում: Այդ իսկ պատճառով մեր երկիրը մեզ թույլ չտվեց մեկնել այնտեղ: Ցավոք, մենք հանդես չենք գա այդ մրցումներում: Իհարկե, ցանկացած մարզիկի համար սա շատ վիրավորական է և ցավալի, քանի որ կատարվել է շատ բարդ աշխատանք և անցել ենք շատ երկար ճանապարհ: Շատ երկար էինք պատրաստվել այս առաջնությանը: Ամեն դեպքում, արեցինք այն, ինչ կարող էինք», -ասել է Ֆերդինանդ Կարապետյանը:

Նշենք, որ ձյուդոյի աշխարհի առաջնությունը վարկանիշային մրցաշար է Տոկիոյում 2020 թվականին կայանալիք օլիմպիական խաղերի համար: