«Երբեք չի փակվել, երևի միշտ ընդմիջման ժամերին եք եկել, փակ է եղել»:
ՀՀԿ Արտաշատի գրասենյակի գործավարուհի

«Նրա (ՀՀ երկրորդ նախագահի) օրոք երկիրն ահագին լուրջ առաջնթաց ա ապրել»:
Ալիկ Սարգսյան ՀՀԿ Արտաշատի կառույցի ղեկավար

 

«Ղազարո՛ս, վե՛ր կաց», -հնչեց «կամանդը» իրեն Քրիստոս կարծող «Ցենտրից», ու Ղազարոսի տեղն իրեն դրած Ալիկ Սարգսյանն իր սուտմեռուկից իսկույն վեր թռավ: Հին փեշակն հիշեց, ակորդեոնն առավ ու, մոռացած, որ արդեն սկսել էր «Սև-սև աչերի» տեղ «Թավշյա՛ աչեր» երգել, նորից հին երգացանկին սկսեց անցնել: Սկսեց երկրի՝ «իրենց ժամանակ եղած առաջընթացն» ու էդ «առաջընթացի հեղինակին» նորից գովերգել:
ՀՀԿ փակված գրասենյակը նորից բացեց ու բացատրեց իր գործավարուհու «արդար բերանով», թե էս ընթացքում ինչո՛ւ էր գրասենյակը փակ. պարզվում է էդ գրասենյակով հետաքրքրված եկողները միշտ թարսի պես ընդմիջման ժամին են եկել, անգամ եթե ընդմիջումից ահագին առաջ կամ ահագին հետո են եկել:

Հարց է ծագում, թե ինչո՛ւ զարթնեց:

Իր ու իրենց մեջ «չիփ» կա խո՜ր դրած: X ժամ x րոպեին «չիփին» «Կենտրոնը» հեռվից ռադիոազդակ ուղարկեց, «չիփը» դրանց մի հատ լա՜վ չափալաղեց, դրանք արթնացան: Բանն այն է՝ դրանք իրենց սուտմեռուկից արդեն նե՜նց էին ներշնչվել, որ լուրջ էին քուն մտել: Բա հո չէի՞ն թողնելու դրանք իրենց սուտմեռուկից հիմա էլ նե՜նց ներշնչվեին, «կոմա» ընկնեին:
Մի խոսքով՝ տղերքը հերթով զարթնում են, հերթով ներկայանում, ու ամեն մեկն իր խոսքն է ասում իրենց իշխանավարման «հին ու բարի» օրերի մասին, իրենց «իշխանի» անզուգական «բոյ ու բուսաթի» մասին, իրենց ստեղծած «իշխանությունում» «տնտեսության աննախադեպ վերելքի» մասին:

Ալիկն էլ, բնականաբար, միացավ դրանց: Բայց ա՛յ ստեղ մի հատ շատ անցանկալի միջադեպ եղավ: Կոկորդիլոս բուծելու վեհ առաքելությամբ Արարատի մարզ եկած հեռավոր Տանզանիայի ինվեստորները, որ Ալիկին տեսան, իրանց կոորդիլոսները թողած՝ Ալիկի հետևից սկսեցին ընկնել, մանավանդ երբ իմացան, որ մարզի տնտեսության «զարգացման» գործում իր հսկայական լուման հենց ութ տարի մարզպետ աշխատած Ալիկն է դրել (որ, հայեցի ասած՝ նշանակում է մարզի փողերն է իր գրպանը դրել):

Տանզանացիք, ասում են, ընկել Ալիկի ոտները, աղաչում են, թե, արա՜, արի՜ մեր ոլորտ, ընդամենը պիտի ցուցադրական ելույթներ ունենաս՝ ու համ մեզ համար շահույթ կբերես, համ էլ դու քո հսկայական շահույթը կստանաս: Ալիկն, ասում են, ոնց որ համաձայն է, բայց մի խանգարող հանգամանք կա ստեղ՝ «չի՛փը»: «Չիփը» մի ձևով հանեք, գամ», -ասում են՝ ասել է Ալիկն, ու հիմա սպասում է «բարդ վիրահատութան»: Սակայն հիմա էլ տանզանացիք են շատ դժվար խնդրի առաջը կանգնել. «չիփն» ընենց տեղ ա դրած, որ հանեն, Ալիկն ավելի անկանխատեսելի կարող է դառնալ, քան իրենց «սաները»:

Մի խոսքով՝ սպասողական վիճակում են բոլորը: Սպասողական վիճակում է նաև Ալիկ Սարգսյանը: Ասում են՝ էդ մարդը էնքան է լարվել, որ ակորդեոնն էլի առել, մի հատ անհասկանալի երգ է դրել-զլել. սա՜ղ մարզի զահլեն արդեն լրիվ տարել: Ասում են՝ ասում է՝ «Я крокодил Гена», ու առավոտից իրիկուն նույն երգն է երգում. «Пусть бегут неуклюже пешеходы по лужам… Я играю на гармошке у прохожих на виду, к сожалению, день рожденья только раз в году»…

Ասում են՝ էս քանի օրն էլ «դուետ» է կազմել. իրան մի հատ «չեբուռաշկա» է միացել՝ էն տղեն՝ Արարատի մարզի էն մյուս մարզպետը, որից Ալիկը 60 հազար դոլար առել, խոսք էր տվել էդ փողով մի հատ գործ գլուխ բերել, բայց ոչ գործն էր գլուխ բերել, ոչ փողը հետ վերադարձրել:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ