«Մայր գետերը, լայն գետերը առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում և գնում են։ Բնության օրենքը սա է»:
Սերժ Սարգսյան՝ ՀՀԿ «հայրը», «առվակների մայրը»

 «Գետերի եւ առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաեւ, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը»:
Հովիկ Աբրահամյան՝ սույն «հորնումորը» լքած անջիգյար, անհոգի առվակ 

Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու...
Հեքիաթի պես էր - երազի նման…
…Արդյոք հիշո՞ւմ ես. գիշերն էր գալու,
Հեքիաթի պես էր... Անտառ էր, առու...
Արդյոք հիշո՞ւմ ես. հեռո՜ւ էր, հեռո՜ւ
Կյա՛նք, տխուր հովիտ, հավիտյան լալու...
Վահան Տերյան, ՍԵՆՏԻՄԵՆՏԱԼ ԵՐԳ (հատվածաբար)

Ի՜նչ ժամանակներ էին: Մայր գետը, դարձած մի հատ Արդիբաշ, մի հատ Քլոնդայք, բերո՜ւմ էր, բերո՜ւմ, ու էդ բերելուն վերջ-պրծում չկար: Հազար անհասկանալի, բայց պարարտ-դյուրամարս վարկային գիծ ու վարկային ծրագիր գալիս, մայր գետն էին հարստացնում, սարքում ոսկեբեր, իսկ մյուս կողմից էլ՝ հազար օբյեկտի սեփականաշնորհման փայ ու աչքալուսանքն էր գալիս, իր հերթին գետը սարքում անտակ ծո՜վ՝ տակը պահված իր մարգարիտներով:



Իսկ երրորդ կողմից՝ չքավոր մարդկանց սովից փրկելու համար էդ մարդկանց հարազատների կողմից դրսից ուղարկված տրանսֆերտ դոլարներն էին էդ չքավորների ձեռից էժանով ջրում, ջրի գնով առնում, գետն հարստացնում:

Իսկ չորրորդ կողմից՝ դրսից բերած գազն ու բենզինը, պարենամթերքն էին էդ ժողովրդի վրա թանկ ծախում ու գետն ու առվակներն ավելի հորդառատ էդպես դարձնում: Ու մայր գետն իր առվակների հետ զարմանում էր ու խնդում է՛ն երազողների վրա, որ երազում էին ծովից ծով երկիր: 

Սրանից էլ լավ «ծովից ծով» երկի՞ր:
Ծով հարստություն, ծովից ծով բարիք:
Ուրիշ ծովից ծով էլ ինչների՞ն էր պետք: Իսկ առվակներն էլ էդ հարուստ գետից ամեն մեկը իր բաժինն էր ստանում, պլյուս դրան՝ամեն մեկը իր ուզած հունով-հունարով գնում, իր ուզած օբյեկտն էր ջրում, դրան տեր կանգնում, ՀՀ ո՛ր օբյեկտի վրա ո՛ր առվակն իր մատն էր դնում, է՛դ էլ տեղնուտեղը ջրվում ու էդ առվակի ավազանն էր մտնում, դրանով ոռոգվում: Առվակ կար՝ օբյեկտից շահույթի 20 տոկոսն էր իր ոռոգելու համար առնում, առվակ կար՝ 25, իսկ առվակ էլ կար՝ ուղիղ 50 տոկոս: Մայր գետը նայում էր իր լայնացող հունին ու իր լիացած առվակներին, ու սիրտն էր խնդում…

Ո՞ւմ նավսն էր տեսնես, որ թավշյա հեքիաթը պրծավ, թավշյա հեղափոխությունն սկսվեց, երազը պրծավ, մղձավանջն սկսվեց:
Վայ թե… Հովիկի:
Հա՛, Հովիկն էր, որ բայղուշի նման էդ մասին ղռռաց: Ղռռաց, ու… առվակներն սկսեցին հերթով մխտռվել ու մխտռել «ինքնամոռաց առվակների միավորումը», որ շուտով սկսեց կամա՜ց դառնալ «Սանիթեքի» պես մի հատ փնթի բան, դարձավ «Վեոլիա ջրի» է՛ն մասը, որ ջրմուղը չէ:



Հա՛, Հովիկի նավսն էր:
Մանավանդ որ ամեն բան հենց իրենից՝ Հովիկից էլ սկսվեց, որն իր մայր գետը լքեց, գնաց Մխչյանի արտերը ջրի:
Մայր գետից պոկվեց, գնաց գլխավոր մագիստրալ մտավ, որ հիմա էլ է՛ս ջուրը մխտռի: Չհաշված որ Հովիկն առվակների ջուրն ու մտքերը ընենց մխտռեց, որ մայր գետը նույնպես լրիվ մխտռվեց:
Էդպես մխտռված ջրով ու մտքով՝ մայր գետը մի տարի մի կերպ դիմացավ: Ի վերջո, մի օր գնաց տաղավար, ու ոչ էս, ոչ էն կողմ. «Նիկոլը ճիշտ է, ես՝ լրիվ սխալ»…

  (շարունակելի)                                   
                                                             
                                                          Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ