ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության Զարգացման համագործակցության ղեկավար Դորոթեա Աուերին և Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերին, ինչպես նաև ավստրիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ տեղեկացնում են նախագահականի լրատվականից:

Նախարարը բարձր է գնահատել Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի շրջանակում ցուցաբերվող աջակցությունը, հույս հայտնել, որ այսուհետ ևս հայ-ավստրիական հարաբերությունները ագրարային ոլորտում կշարունակեն ընդլայնվել: Ա. Խաչատրյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, առկա խնդիրներն ու մարտահրավերները:

Նախարարը հատկապես կարևորել է չմշակվող հողատարածքների ծավալների նվազեցումն ու հողերի խոշորացման, բարձրարժեք գյուղատնտեսության խթանումը, ինտենսիվ այգիների հիմնումը, ոռոգման և հակակարկտային ժամանակակից համակարգերի ներդրման անհրաժեշտությունը, օրգանական գյուղատնտեսության զարգացումը, արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների բարելավումը: Հյուրերի խնդրանքով նախարարն անդրադարձել է նաև պետական աջակցության ծրագրերին, գյուղատնտեսության պետական սուբսիդավորման ուղղություններին ու պայմաններին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կանանց ներգրավվածության աստիճանին, հայկական գյուղմթերքի արտահանման շուկաների ընդլայնմանը, գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչության բարձրացմանը և մի շարք այլ հարցերի: