Եթե խորհրդարանը հավանություն տա Սամվել Ֆարմանյանի մշակած, իր իսկ խոսքով՝ պատմական օրինագծերին, ապա 2019թ. ապրիլի 1-ից ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ հնարավոր կլինի կազմակերպել միայն Հայաստանի չորս քաղաքներում՝ Սևանում, Ծաղկաձորում, Ջերմուկում և Մեղրիում։

Ֆարմանյանը լիահույս է, որ պատգամավորներից և ոչ մեկը չի խոչընդոտի խնդրի լուծման իր առաջարկած տարբերակին։ Իսկ թե ինչ է նախատեսվում օերնսդրական փաթեթով, պատգամավորը մի քանի կետով ներկայացրել է իր ֆեյսբուքյան էջում.

1. Մեր երկրում օրենսդրորեն կարգելվեն և՛ տեղական, և՛ միջազգային բուքմեյքերական գրասենյակների (տոտալիզատորների) գործունեությունը: Խոսքը վերաբերում է և՛ գրասենյակների միջոցով, և՛ ինտերնետային եղանակով այդ գործունեության իրականացմանը ՀՀ տարածքում: Օրենքի ուժով ՀՀ տարածքում կարգելափակվեն տեղական և օտարերկրյա նման ընկերությունների կայքէջերը, և օրենքից դուրս կհայտարարվեն նման գրասենյակները:

2. Օրենքի ուժով կվերանան գազալցակայաններում գործող «ապարատները», որոնց գործունեությունն այսօր էլ, իրականում, հակասում է օրենքի պահանջներին:

3. Նման գործունեության ընդհատակյա կազմակերպումը կհամարվի քրեորեն պատժելի արարք և՛ կազմակերպիչների, և՛ մասնակիցների համար: Կազմակերպիչների համար, բնականաբար, շատ ավելի խիստ քրեական սանկցիաների տեսքով:

Կառավարության երեկվա նիստում, երբ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց օրենսդրական փաթեթը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կասկածի տակ չդնելով նախաձեռնության կարևորությունը, մտահոգող խնդրի մասին բարձրաձայնեց. «Դա կբերի աշխատատեղերի զգալի կրճատման, խոսքը մի քանի հազար հոգու մասին է»:

Հարցը հնարավորինս մեղմ ու արդյունավետ լուծելու տարբերակին և´ վարչապետը, և´ ֆինանսների նախարարը դեմ չեն, սակայն երկուսն էլ խնդրի վերջնական լուծման կողմնակից են։ Տնտեսական աճի ցուցանիշների վերլուծությունը վարչապետին չի գոհացնում՝ անցանկալի աղբյուրները պետք է փոխարինվեն ցանկալիներով։ «Պարզվում է այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Սա աբսուրդ է։ Մեր քաղաքականությունը պետք է լինի տրամաբանություն փոխելը. մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից՝ կներեք բառիս համար՝ ղումարբազությունը: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, որ ո՛չ մեկը խրախուսենք, ո՛չ էլ մյուսը»,-համոզված է Նիկոլ Փաշինյանը։

Ներկա իրավիճակը փոխելու համար վարչապետը մի տարբերակ է տեսնում՝ տնտեսության կառուցվածքի հիմքում ոչ ինտենսիվ գյուղատնտեսության, մոլախաղերի և ընդերքի արտահանման փոխարեն դնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, բարձր տեխնոլոգիական արտադրությունը, թեթև արդյունաբերությունն ու վերամշակող գյուղատնտեսությունը։