Միգուցե  սա միակ հնարավորությունն էր վերականգնելու երբեմնի հարգված էրևանցի տղու խարխլված հեղինակությունը։ Հետևաբար, Գագիկ Բեգլարյանն իր գայլային ախորժակով լծվեց «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացմանը։ Սակայն ֆինանսավարկային ներդրումները վերևների հետ միահամուռ ուժերով մսխելուց և սեփական ագահությանը մասամբ հագուրդ տալուց հետո շատ շուտով հասկացավ, որ ճանապարհաշինության դժվարին գործը առանց ֆինանսական միջոցների առաջ չի գնում։



Ժամանակը թռչում էր, իսկ շինարարությունը՝ դանդաղում։ Ուստի անհրաժեշտություն կար հերթական ընտրությունների նախաշեմին հանրության ուշադրությունը շեղելու նոր թիրախ գտնել։ Իրան-Հայաստան երկաթգծի հեռանկարային նախագիծն այդ թիրախն էր, որ փայլուն մտածված ևս մի գաղափար էր, հատկապես եթե հաշվի առնենք միջազգային կազմակերպություններից փողեր պոկելու հնարավորությունը՝ միանգամայն հարմար տարբերակ «Հյուսիս-Հարավ» մայրուղու զանգեզուրյան բարդ հատվածի շինարարության հափշտակված գումարները մասամբ հայթայթելու համար։

Երկաթգիծ ունենալու հրաշալի ծրագրի մասին տարիներ շարունակ խոսվեց, մի քանի անգամ նույնիսկ շինարարության մեկնարկն ազդարարելուն շատ մոտ էին կանգնած, սակայն, իր զգուշավորությամբ պարսկական կողմն ակնհայտորեն մերոնց հաշվարկները խառնեց: Եվ բնավ էլ պատահական չէր, որ շինարարությունն այդպես էլ չսկսվեց՝ գործնականում հաստատելով, որ գեղեցիկ խոսելն ու ներկայացնելն ընդամենը գործի կեսն են: Փաստորեն պարսիկները մերոնց աշխատաոճը լա՜վ էլ յուրացրել էին ու հասկացել, որ հայաստանյան իշխանության տվյալ համքարությունը աշխատանքի մեջ «առաջինը քո ծառը ջրի» սկզբունքի հավատավոր ծառան է, այդ սկզբունքի հավատավոր կրողը:

Դառնալով «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությանը՝ արդեն այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կառուցապատվել է միայն 31 կմ ճանապարհ, որի համար ծախսվել է շուրջ 150․3 մլն ԱՄՆ դոլար և 23․14 մլն եվրո։ 4 տարի ու այսքան գումար վատնել 31կմ ճանապարհի վրա, այն էլ հարթ տեղանքում կատարված աշատանքի վրա՝ ոչ միայն շա՛տ-շա՛տ է, այլև չափից դուրս շատ է ու այդ չափից դուրս շատի կողքին նաև խիստ կասկածելի ու իրավապահ մարմինների բացառիկ ուշադրությանն արժանի:



Այս չափից դուրս խառը պատմության հենքի վրա, բնականաբար, այնքան էլ սիրուն չի նայվում Գագիկ Բեգլարյանի և նրա ընտանիքի անդամների 2014թ․«համեստությամբ շշմեցնող» հայտարարագրերին անդրադարձն ու դրա մեջ մութ պատմություն փնտրելը, մանավանդ, որ պարզվում է՝ Բեգլարյանն ամուսնացել է երկրիս ամենահարուստ կանանցից մեկի՝ Նունե Նիկոլյանի հետ։ Տիկին Նիկոլյանի հաշվին եղել է 30 մլն դրամ և ավելի քան 3 մլն դոլար դրամական միջոց։ Երբ սույն տիկնոջ ունեցվածքը համեմատում ենք 2012թ. նրա հայտարարագրած 35 մլն 571 հազար դրամի և 3 մլն 601 հազար դոլարի, տվյալ տարում ստացած 20 մլն դրամ եկամտի հետ, սկզբունքորեն ոչինչ տրամաբանական զարգացումներից դուրս չէ:

Բայց երբ նայում ենք, որ նա 2014 թվին ձեռք է բերել 500 մլն դրամ արժողությամբ տուն և 27․870 966 դրամ արժողությամբ հողամաս, ապա այս թվերն արդեն միանգամայն այլ բանից են խոսում:

Սակայն ընթերցողը միանգամայն օրինականորեն իրավունք ունի հարց տալ՝ բայց չէ՞ որ տիկին Նիկոլյանը Գագիկ Բեգլարյանի պես կողակից ուներ ու ունի:
Փարատենք ընթերցողի կասկածները:
2012թ․ հայտարարագրում Գագիկ Բեգլարյանի հաշվին եղել է 278 մլն 900 հազար դրամ և 92 հազար դոլար։ Նշված տարում Բեգլարյանը ունեցել է ընդամենը 1 մլն 943 հազար դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից՝ ի տարբերություն նրա կնոջ ութ միլիոն եկամտից, որը շահաբաժնի արդյունք էր:



Վերը հիշատակված 500 մլն դրամ արժողությամբ տունն ու 27․870 966 դրամ արժողությամբ հողամասը ձեռք բերած տարում Գագիկ Բեգլարյանի հաշվին եղել է 540 453 000 դրամ և 92 000 դոլար, եկամուտը կազմել է ավելի քան 5 մլն դրամ, որը գոյացել է ստացած աշխատավարձից։ Երբ համեմատում ենք 2014թ. համար նախարար Գագիկ Բեգլարյանի հայտարարագրած ֆինասական միջոցները 2012-ին նոր-նոր նախարարական աշխատանքի անցած Գագիկ Բեգլարյանի հայտարարագրած դրամական միջոցների հետ, անհասկանալի են դառնում նրա դրամական միջոցների այսօրինակ աճն ու սրա հետ էլ 2014-ին ընտանեկան այս զույգի գնած 500 մլն դրամ արժողությամբ տունն ու 27․870 966 դրամ արժողությամբ հողամասը:

Նման տվյալներից հետո, իհարկե, պատասխաններ ակնկալող հարցեր ծնվեցին, որոնք, թերևս հաճելիներից չէին, և խորհրդարանական ընտրությունների նախաշեմին գտնվող Սերժ Սարգսյանը 2016թ․ նոր կառավարություն ձևավորեց առանց Գագիկ Բեգլարյանի, ինչն ավելի շատ միտված էր հասարակության աչքին «թոզ փչելուն»։ Նման քայլով ՀՀ 3-րդ նախագահը ժողովրդին անուղղակի ձևով վստահեցնում էր, որ այսուհետ անողոք պատժվում են կոռուպցիոն դրսևորումներն ու «բեսպրեդելը»։

Նախկին նախարարին ոչ այլ ինչ էր մնում, քան վերադառնալ բիզնեսի աշխարհ, վայելել պապիկ լինելու երջանկությունն ու ամբարած միլիոնները։ Պաշտոնաթող Գագիկ Բեգլարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հավատացնում էր, որ նեղացած չէ կուսակից ընկերներից, ստեղծված իրավիճակը նորմալ է համարում, և ի վերջո «ամենաբարձր պաշտոնը ՀՀԿ գերագույն մարմնի կազմում լինելն է»։ Հետևաբար շատ հնարավոր է, որ հեռանկարում ուրվագծվում էր որևէ «յուղոտ» պատառ, որից Բեգլարյանը, անշուշտ, չէր հրաժարվի, սակայն այնպես անպատեհ միջամտեց թավշյա հեղափոխությունը՝  խառնելով բոլոր խաղաքարտերը:

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ