Վերջապես հասանք բաղձալի օրվան, և Տանզանիայի պես երկիրն էլ վերջապես նկատեց մեզ՝ հանձին Արարատի մարզի: Իսկ նման հաջողության դժվար հասնեինք, եթե Արարատի մարզը զուրկ լիներ կոկորդիլոսից ավելի՛ բեջուռա կենդանի՝ մեկը մյուսից վախենալու մարզպե՛տ բուծելու հրաշալի ավանդույթից:

Տանզանիան Հնդկական օվկիանոսի արևմտյան ափին՝ Աֆրիկայի արևելքում գտնվող մի պետություն է, որն առաջացել է Տանգանիկայի ու Զանզիբարի միավորումից: Երկիրը հարուստ է խոշոր՛ լճերով (Տանգանիկա, Վիկտորիա, Նյասա), որտեղ էլ հաստատ բնակվում են աշխարհում մինչև օրս լավագույնի համբավն ունեցող կոկորդիլոսները: Բայց վերջին 15-20 տարում կամա՜ց-կամա՜ց պարզվեց, որ, ցավոք, իրե՛նցը լավագույնը չէ, իրենցից լավն է՛լ այս աշխարհում կա: Հասկացաք երևի, որ խոսքը Արարատի նախկին մարզպետների մասին է: Ըստ այդմ՝ տանզանացիք, պատվով տանելով իրենց պարտությունը, իրենց ոտով եկան հաղթողի դուռը, որ տեսնեն, թե էդ ի՞նչ «երկիր» է էդ Արարատի մարզը, որ իրենցից բեջուռա կոկորդիլոս է էդտեղ էդքան բուծվում. հողի՞ց է, ջրի՞ց, թե՞ դրանց կերից…

Մի խոսքով տանզանական կողմն ուզում է արդեն այս տարի 1,5 միլիոն դոլարի ներդրում անել, իսկ մոտ 10 միլիոն դոլարի ներդրում էլ անել առաջիկա հինգ տարում:

Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՛ւ են հենց կոկորդիլոս բուծում: Կաշի՛ն:
Կաշի՛ն, ժողովուրդ ջան:
Էդ կենդանու կաշին, ճիշտ է, ինչ էլ անեն, ինչքան էլ ներդրում անեն, չի հասնի էդ մարզի մարզպետների կաշվին, բայց էլի ընտիր է ու էլի պինդ ու  էլաստիկ է, ու էլի թանկ է:
Բացի այդ՝ ուզում են էդ կոկորդիլոսների «ջանքերով» ատրակցիոն ու շոու կազմակերպեն, մարդիկ գան նայեն, հաճույք ստանան իրենց տեսածից, դրանց արարք ու արարմունքներից «ադրենալինի» ավելցուկ ստանան:
Ըստ այդմ՝ ես մի առաջարկ ունեմ, որն առավելս շուք կհաղորդի այդ ատրակցիոնին ու այդ շոուին. թող այդ շոուին, կոկորդիլոսներին կից, ներգրավեն նաև Արարատի մարզի նախկին մարզպետներին: Երաշխավորում եմ՝ տոմսի գինն եթե ոչ մի քանի, առնվազն էրկու անգամ կբարձրանա:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ