ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր ընդունել է Հայաստանի դենտո ֆուդոկան կարատեի ֆեդերացիայի մարզիկներին, ովքեր սեպտեմբերի 14-ից 15-ը Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում մասնակցել են ITKF-ի կողմից անցկացվող կարատեի Եվրոպայի առաջնությանը և նվաճել 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ:

Նախարարը ողջունել է մարզիկներին ու ֆեդերացիայի նախագահ Կարեն Ավետիսյանին, շնորհավորել մարզական հաջողությունների համար: «Շնորհավորում եմ թե՛ մարզիկներին և թե՛ մարզիչներին մեդալներ նվաճելու կապակցությամբ: Այս մեդալները տարիների աշխատանքի արդյունք է: Կարևոր է գիտակցել, որ ձեր նվաճումները նաև ողջ հայ ժողովրդինն են, քանի որ մեր յուրաքանչյուր մարզիկի չեմպիոնությունը ևս մեկ անգամ հարյուրավոր մարդկանց ոտքի է կանգնեցնում, երբ ծածանվում է հայոց եռագույնը և հնչում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը», -ասել է Լ. Վահրադյանը: Նախարարը նաև հույս է հայտնել, որ հայ մարզիկները հաջող հանդես կգան նաև 2020 թվականի Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում, որտեղ առաջին անգամ մրցելու են նաև կարատեիստները:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ շարունակելու են մարզումները մեր երկրի պատիվը միջազգային մրցահարթակներում բարձր պահելու համար: Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը մրցավայր էր մեկնել 3 մարզիկով: Վարդան Գալայանը 16-18 տարեկանների մրցապայքարում անհատական կատայում դարձել է առաջնության չեմպիոն, Ջոն Երեմյանը (13 տարեկան), մասնակցելով 14-15 տարեկանների տարիքային խմբի մրցումներին, անհատական կատայում արժանացել է արծաթե, իսկ Արծրուն Օհանյանը՝ մեծահասակների անհատական կումիտեում՝ բրոնզե մեդալի: