Աշխարհի խոշորագույն Bridgewater Associates հիմնադրամի հիմնադիր, միլիարդատեր Ռեյ Դալիոն առաջիկա երկու տարիներին կանխատեսել է աշխարհին սպասվող ֆինանսական նոր ճգնաժամ, հայտնում է Business Insider-ը: Դալիոյի խոսքերով, յուրաքանչյուր տնտեսական ցիկլում կա մի վաղ շրջան, երբ տոկոսադրույքները գտնվում են ամենացածր մակարդակի վրա, պարտքերը աճում են արտադրության եկամուտների ավելացման նպատակով, իսկ ակտիվների արժեքը մեծանում է: Այս շրջանի հաջորդ փուլը սովորաբար բնութագրվում է դրամավարկային քաղաքականության խստացմամբ, քանի որ ընկերություններին ավելի դժվար է դառնում սպասարկել աճող պարտքերը, իսկ տնտեսությունը ունակ չէ աճելու:

Վարկային շուկայում պայմանների խստացումը սովորաբար առաջացնում է պահանջարկի անկում, և կենտրոնական բանկերը, ընդհակառակը, սկսում են նվազեցնել տոկոսադրույքները` հասցնելով այն զրոյի, ինչի հետեւանքով տնտեսությունն անկում է ապրում: Այժմ, ըստ նրա, նկատվում է ակտիվների արժեքի բարձրացում, տոկոսադրույքների ցածրացում եւ արդեն իսկ սկսված դրամավարկային քաղաքականության խստացում։ «Նույն կերպ, ինչպես 1937թ. Մեծ դեպրեսիայի ժամանակ: Բացի այդ, մենք գտնվում ենք հարուստների եւ աղքատների միջեւ աճող անջրպետի իրավիճակում, ինչը հանգեցնում է պոպուլիզմի», -ամփոփել է միլիարդատերը:

Հիշեցնենք, որ Ռեյ Դալիոն համարվում է յուրօրինակ կորպորատիվ մշակույթի ստեղծողը․ այն է՝ գաղափարի մերիտոկրատական սկզբունքի գործարկումը, որի հիմքում դրված է բացարձակ ազնվությունը, թափանցիկությունը եւ որոշումների մեջ կոմպետենտությունը։ Նա համոզված է, որ իրենց նպատակներին հասնելու համար մարդկանց եւ ընկերությունների մեծամասնությունը կարող է օգտագործել իր սկզբունքները: Ռեյ Դալիոն գտնվում է մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց հարյուրյակի (ըստ Time-ի) եւ աշխարհի հարյու ամենահարուստ մարդկանց ցանկում (Forbes-ի վարկածով):