Ռոբերտ Քոչարյանը հերթական հարցազրույցն է տվել և զարմանալի չէ, որ կրկին ռուսական մամուլին՝ «Կոմերսանտին»:

Հարցազրույցի հիմնական առանցքը Պուտինն ու Փաշինյանն են։ Մի մասում Քոչարյանը պատմում է Պուտինի հանդեպ զգացած յուրահատուկ քիմիայի մասին, մյուսում՝ Փաշինյանի պոպուլիզմի «անհագ ձգտումի»:

Քոչարյանը մանրամասնորեն վերլուծում է Պուտինի հետ հարաբերությունները՝ փորձելով հիշել, թե երբ նրանց հարաբերություններն ընկերական դարձան, և սկսեցին միմյանց վստահել, երբ առաջացավ ի վերջո այդ հզոր քիմիան. «Դա քիմիա է, որը միշտ չէ, որ բացատրվում է: Դա կարող է լինել ե՛ւ անցածը, ե՛ւ փոխադարձ համակրանքը: Ով իմանա: Չեմ կարծում, որ կա որոշակի առանձին գործոն, դա գործոնների համագումար է, որոնք համադրվում են եւ ստեղծում հուզական սիներգիա մարդկանց միջեւ: Եվ դա դառնում է նման հարաբերությունները ամրապնդող երեւույթ»:

Քոչարյանը նաև խուսափում է կոնկրետ նշել՝ Փաշինյանը ռուսամետ է, թե արևմտամետ։ Այնուամենայնիվ թվում է, թե հենց ինքը՝ Քոչարյանը, ապրում եւ աշխատում է Ռուսաստանում, պաշտպանում է Ռուսաստանի շահերը։ Անգամ նշում է, որ Ռուսաստան գնալիս հաճախ է հանդիպում նրա հետ: Սակայն այս հոկտեմբերին, ցավով պետք է նշել, որ Քոչարյանը թերևս չի կարող գնալ Ռուսաստան Պուտինի ծննդյան օրվա առթիվ, ինչքան էլ որ քիմիան հզոր ու ձգող լինի։

Հատկանշական է, որ հենց այս օրերին է Քոչարյանի հետ կապված երկու տեղեկություն հրապարակվել: Կառավարության աշխատակազմի ղեկավարն ասել է, որ Հայաստանի անկախության օրվա միջոցառումներին հրավիրված են Հայաստանի երեք նախագահները: Տեղեկություն է հրապարակվել նաեւ, որ Վլադիմիր Պուտինը Հայաստան այցի ժամանակ հանդիպելու է նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Ասում են, քանի որ Քոչարյանի անձնագիրը վերցրել են, և նա չի կարող Ռուսաստան գնալ ու հանդիպել Պուտինին, այդ պատճառով, հավանաբար, Պուտինը որոշել է անձամբ գալ Հայաստան:

Մնում է սպասել՝ տեսնելու՝ Քոչարյանը կմասնակցի՞ Անկախության օրվա միջոցառումներին, թե՞ բոլոր դեպքերում կշարունակի իր քաղաքականությունը կառուցել Պուտինի հետ ունեցած քիմիան բարդ շղթաներով ավելի ամրացնելու վրա: