Հրաշքի գոյությունն ապացուցող մի ֆիլմ, մի պատմություն, որը ստիպում է փնտրել լույսն ու վերածնվել նորից։ Հենց սա է ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի հիմնասյունը։ Ֆիլմը նվիրված է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին: Կինոնկարը մի մարդու պատմություն է, ով, թողնելով կնոջն ու դստերը, մեկնել է Մոսկվա: Տեղեկանալով Սպիտակում տեղի ունեցած ողբերգության մասին` լքում է իր ռուս ընկերուհուն և վերադառնում հայրենիք` գտնելու իր տունը ու ընտանիքին։

Սեպտեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան։ Կինոնկարի ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտտը պատմում է, թե ինչպես են պատրաստվել ֆիլմը նկարահանելուն։ Նկարահանումներն իրականացրել են Մոսկվայում, Երևանում, Աշտարակում ու Դիլիջանում: Ասում է՝ գրեթե երեսուն օր են տևել դրանք. «Ուսումնասիրել ենք 1988-ի ժամանակագրությունը, ծանոթացել ենք վավերագրությանը, հսկայական քանակով լուսանկարներ ենք դիտել` փորձելով վերարտադրել իրականությունը դեկորացիաների միջոցով»։

Հրաշքի գոյության գաղափարը ֆիլմում հենց փոքրիկ Անուշի կերպարի միջոցով են փորձել ստանալ, ով մնացել էր փլատակների տակ: «Եթե մենք հավատում ենք, ուրեմն՝ հնարավոր է: Գլխավոր հերոսը` Գոռը, գնում է փնտրելու ընտանիքին, արդյունքում ընտանիքն է նրան գտնում: Հրաշքի մասին է այդ պատմությունը», -ասում է ռեժիսորը։

Ֆիլմի պրոդյուսեր Թերեզա Վարժապետյանի համար էլ անսպասելի էր, որ դահլիճում նստած մարդիկ այդպես կապրեին ցավով ու այդքան խորը կընկալեին ֆիլմը։ Ասում է՝ իրենց մտահոգությունը հենց այն էր, թե ինչպես կընդունեն ֆիլմը. «Ֆիլմի հաջողության կարևոր կետերից մեկն այն է, որ ռեժիսորը չլինելով հայ, դարձավ հայ՝ իր վերաբերմունքով ու ամեն ինչով։ Դա է գլխավորն ինձ համար։ Իր վերաբերմունքը մեր դերասաններին բերեց այդ խաղին»։

Հրաշքի գոյությունը ֆիլմում անհրաժեշտություն էր բոլոր հերոսների համար, որովհետև յուրաքանչյուր կերպար միայն հրաշքի էր սպասում։ Ընտանիքի հոր` Գոռի կերպարը կերտած դերասան Լեռնիկ Հարությունյանը անկեղծանում է, որ Գոռի մեջ մեծ պատերազմ կար, երբ նա կայացրել էր հայրենիքը լքելու որոշումը մինչ ողբերգությունը, որն էլ նրան ստիպեց վերադառնալ հայրենիք: «Շնորհակալ եմ ռեժիսորին, որ շատ դիպուկ խնդիրներ էր տալիս, որոնք ինձ օգնում էին իրավիճակը հստակ պատկերացնել: Ես շատ ջանք չեմ թափել այդ դերը կերտելու համար, քանի որ ռեժիսորական, նկարչական և մնացյալ բոլոր լուծումներն այնքան հստակ էին, որ խաղալու կարիք չկար. ես ինձ զգում էի այդ ողբերգության մեջ։ Ֆիլմը դիտելիս մի պահ անգամ մոռացել էի, որ ես եմ խաղում», -խոստովանում է դերասանը:

«Սպիտակ» ֆիլմը նախատեսվում է ցուցադրել նաև Ռուսաստանում և այլ երկրներում: 2018 թվականին Մոսկովյան 40-րդ միջազգային կինոփառատոնում էլ ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: Կինոնկարի երաժշտությունը ստեղծել է Սերժ Թանկյանը:

                                                                                                     Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ