Ժողովուրդ ջան, չգիտեմ՝ դու ոնց, ես անմիջապես չկարողացա արձագանքել Ալեքսանդր Սարգսյանի գրասենյակից աշխարհի բոլոր ծագերն ուղարկված հայտարարությանը:

«Գրասենյակ» բառից ես շատ ցնցվեցի:

Լսե՛ք՝ ո՜նց է հնչում. «Ալեքսանդր Սարգսյանի գրասենյակը հայտարարում է»:

Ոնց որ Լևիտանը գերեզմանից ելնի ու իր փշաքաղող ձայնով ազդարարի՝ «От Советского информбюро», կամ «Время»-ի դիկտորն իր անառարկելի տոնով հայտարարի. «ТАСС уполномочен заявить»:

Բա՞, ժողովուրդ ջան, սաղ ջանս դող էր ընկել, նո՛ր անցավ: Մի կերպ ուշքի գալով՝ հիմա նոր փորձեմ «աշխարհասասան-աշխարհասաշան» հայտարարության հետքերով գնալ…

Ահա թե ինչ հնչեց «գրասենյակից» (ջանս, խնդրե՛մ, էլի լրիվ փշաքաղվեց):

«Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթի ժամանակ բացահայտ և հրապարակային սպառնաց Հայաստանի Հանրապետության քաղաքացի (չեղա՜վ, Սաշի՜կ ջան, «բռենդդ խուրդում ես», ասա՝ Հայաստանի Հանրապետության «50 տոկոսի» համարումն ունեցող քաղաքացի՛, մնացած 50 տոկոսով էլ՝ նախկին զը՜ռ գեղացի) Ալեքսանդր Սարգսյանիս (Սաշիկ ջան, որ էդպես քեզ «Ալեքսա՜նդր» ես ասում, ես միշտ նե՜նց եմ շփոթվում, որ քեզ խառնում եմ Մակեդոնացու հետ. արի կըլնի ասա՛՝… «Սաշիկ», просто «ваш Сашик») և մեկ շաբաթ ժամանակ տվեց, որպեսզի օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցները վերադարձնեմ ՀՀ պետական բյուջե (որ վերցնենք, էս մարդը շատ էլ ճիշտ է դժգոհում. եթե ինքն էդ միջոցները անօրինական ճամփով է վերցրել, հիմա էդ հարիֆը ո՞նց օրինական ճամփով հետ վերադարձնի: Տո հլա օրինականն ու անօրինակա՜նն էլ հեչ: Ուզածներդ ի՞նչն է՝ դնի բյուջեն բալանսից գցի՞, պայթեցնի՞: Կառավարությունում հե՞չ տնտեսագետ չկա)։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց այն մասին, թե ինչու և ինչ հիմքով ես այդ գումարները պետք է վերադարձնեմ ՀՀ պետական բյուջե։ (Ճի՜շտ է ասում մարդը. ի՛նչ հիմքով ինքը այդ գումարները հետ վերադարձնի, եթե ո՛չ դատական որոշում կա բռնագրավելու, ո՛չ խուզարկության մի հատ հասարակ օրդեր: Ուզո՞ւմ եք՝ հիմք լինի, օրենքո՜վ, կուլտուրակա՜ն ու քաղաքավարի՜ դրեք-բռնագրավեք: Շմայսն, օրինակ, նման մոտեցումը 50 տոկոսով ողջունում էր, իսկ 50 տոկոսով անգամ շնորհակալ էր: Սաշիկն ինչո՞վ է Շմայսից պակաս, որ սենց ջոկողություն եք դնում):

Նման հայտարարություն անելուց առաջ ՀՀ վարչապետը նախ պետք է նշեր, որ օրենքով սահմանված կարգով հաստատվել է, որ իմ բանկային հաշվին առկա գումարները ձեռք են բերվել անօրինական ճանապարհով, ապա նաև պետք է նշեր, որ այդ գումարները հափշտակվել են ՀՀ պետական բյուջեից, դրա համար էլ ենթակա են վերադարձման ՀՀ պետական բյուջե։ (Դարձյալ ճիշտ է Սաշան, քանզի ինքը բյուջեից ոչ մի լումա էլ չի յուրացրել, բյուջե՛ն է իր ոտքով եկել, իրեն ներկայացել, իրեն «հանձնվել», ինքն էլ ճարահատ բյուջեի պահանջն է դրել-բավարարել: Չհաշված որ էնքա՜ն ձեռներեցներ են բյուջեի նման իրեն ներկայացել ու իրեն «հանձնվել»: Հիմա վարչապետն ի՞նչ է ուզում. որ Սաշիկն էդքանի տվածը հե՞տ վերադարձնի, դրանց բոլորին մի գիշերվա մեջ դնի-բավարարի՞: Ինքը հո «100 տարվա մենության» էն հերոսուհին չէ, որ մի գիշերվա մեջ մի հատ ողջ բանակ էր դնում-բավարարում):

Սակայն Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նման հայտարարություններ չարեց, այլ, ընդհակառակը, մոտ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 17-ին, հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթում նա ևս անդրադառնալով իմ բանկային հաշվին առկա գումարներին, նշել էր հետևյալը․«Հիմա էդ հաշվեհամարում, որ այդ գումարը կա, զուտ Հայաստանի էսօրվա ֆորմալ օրենքների տեսակետից չափազանց դժվար է դրա հետ կապված քննություն կազմակերպելը, որովհետև այդ մարդը ֆորմալ առումով շատ երկար տարիներ պետական պաշտոնյա չի եղել, հետևաբար հայտարարագիր չի ներկայացրել և ֆորմալ առումով էստեղ կան դժվարություններ այդ գումարը հետաքննելու և օրենքով սահմանված կարգով առգրավելու»: (Փաստորեն, Սաշո՛կ ջան, դու «ֆորմալ»՝ մի հատ, որ կոպիտ չհնչի, փաղաքո՜ւշ ասեմ, անմեղ «գառնուկ ես», բայց ոչ ֆորմալ՝ արա, շա՜տ ծեր «աղվեսն» ես):

Այս հայտարարությունում Նիկոլ Փաշինյանը երկու կարևոր հանգամանք է ընդգծել․ առաջինը՝ ես երկար տարիներ պետական պաշտոնյա չեմ եղել, ինչով հաստատվում է, որ ՀՀ պետական բյուջեի հետ ընդհանրապես որևէ առնչություն չեմ ունեցել, ինչից ելնելով էլ զարմանալի է, թե ինչու է ՀՀ վարչապետը սպառնում, որ այդ գումարները հենց ՀՀ պետական բյուջե վերադարձնեմ․ երկրորդ՝ այդ գումարներն օրենքով սահմանված կարգով ենթակա չեն բռնագանձման (Սաշիկ ջան, արի՛ վարչապետի «ընդգծած երկու հանգամանքին» երկուսն էլ ես ավելացնեմ, որ քեզ քաջածանոթ 50-50-ի օրինակով՝ ըլնի ուղիղ քո ուզածը ։ Ըստ այդմ՝ «երրո՛րդ հանգամանք». ավելի լավ է՝ էդ օրենքի մեջ ինքդ քո ձեռքով մի հատ կետ «գտնես» և «օրենքով սահմանված կարգով» նորմալ, կուլտուրական գնաս-բռնագանձվես, քան թե վաղը գան, գլխիդ տան ու չբռնագանձված փողիդ տեղ բռնեն, քե՛զ բռնագանձեն, քանզի դու էլ պակաս գանձը չես, և, «չորրո՛րդ հանգամանք», հիշի՛ր. «Жадность фраера сгубила» ու զուգահեռ հիշի՛ր Մանվելին ու էն «Ոսկե ձկնիկի» անկուշտ պառավին. թե պառավը իր ագահության արդյունքում կոտրած տաշտակի՛ առաջը մնաց, դու էդպես Մանվելի նման Նուբարաշենի կոտրած «միսկի՛» առաջը կմնաս):

Կարծում եմ, որ բոլորն էլ քաջ հասկանում են, որ եթե որևէ մեկն անօրինական ճանապարհով կամ հանցագործության միջոցով գումար է հափշտակել, ապա ՀՀ-ում գործող օրենքները միանշանակ թույլ են տալիս բռնագանձել այդ գումարները և հակառակը՝ որևէ մեկին պատկանող գումարները չեն կարող բռնագանձվել, եթե չի հաստատվել դրանց անօրինական լինելը:  (Ճիշտ է ասում մարդը, քանզի էդ մարդը, փաստորեն, ասում է. «Ձեզ ո՞վ էր ասում, որ լո՜խ ըտենց լոխ ըլնեիք, ինչքան ուզում էի՝ բերեիք-«մուծվեիք»: է, մի հատ գոնե բազա՜ր անեիք, գին իջեցնեիք: Ես մեղավո՞ր եմ, որ ինչքան ուզում էի, մակուլատուրա հանձնող խանդավառ պիոների պես էդքան փող բերում-հանձնում էիք: Է, չբերեի՜ք։ Եւ ուստի, պարո՛ն վարչապետ, փոխանակ էդ բերողներին դնեք, պատասխանատվության ենթարկեք, ինձ նման անմեղ մարդո՞ւն եք դրել-հետապնդում»):



Այս համատեքստում խիստ մտահոգիչ է նաև, որ ՀՀ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է իմ վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին, ինչպես նաև, որ անօրինական կարգով հրապարակել է այդ տեղեկությունները… Եվ եթե ՀՀ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է նման տեղեկությունների, ուստի վստահ եմ, որ քաջ տիրապետում է նաև այն տեղեկություններին, որ 1985-1995թթ․ընթացքում բիզնես գործունեություն եմ իրականացրել Ռուսաստանի Դաշնությունում  (Այ ստեղ՝ զգո՜ւյշ, Սա՛շա, ավելի ճիշտ՝ արդեն Շո՛ւռա, էլ չծավալվես, քանզի Պուտինն այսուհետ, ոչ թե ախպորդ, այլ Նիկոլի՛ ընկերն է: Ինքն էլ հավեսի կընկնի ու Ռուսաստանոմ ծավալածդ էդ գործունեությունը կդնի, իրա ОБЭП-ի ոտի տակ կառնի, ստիպված կլինես էրկու ֆռոնտով պայքարդ մղել ու քո էդ գրասենյակ-«ինֆորմբյուրոյից» էրկու «ֆռոնտի» դեմ էսպես շտապ հաղորդագրություն ու գանգատ ուղարկել: Գործ չունե՛ս, մեջտեղից կճղվես, 50-50 կըլնես)  և ՀՀ եմ վերադարձել  (այ ստեղ ո՞նց չասեմ, քանզի կպայթեմ. «Քո էշ խե՜լքը, Շո՛ւռա, որ վերադարձար, մանավանդ առանց քո Պանիկովսկու»)  խոշոր գումարով  (ոսկե կշռաքարե՞րը նկատի ունես, թե՞ ձեր գողոնը), որից հետո թեկուզ մեկ տարի չեմ դադարել աշխատելը: (Դե ինչ, եթե Պանիկովսկին ասում էր հպարտ. «Դու գնա Կի՛և և հարցրու, թե ով էր Պանիկովսկին մինչև հեղափոխությունը», ապա, երբ Նուբարաշեն կղրկեն, նույն հպարտությամբ կարող ես ասել. «Դու դուրս եկ քաղա՛ք և հարցրու, թե ով էր Սաշիկ Սարգսյանը մինչև հեղափոխությունը: Ու ում էլ որ հարցնեն, կպատասխանի, ինչ պատասխանում էին կիևցիները Պանիկովսկու համար. «Գո՛ղ էր»):

Ընդ որում, վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը քաջ տեղեկացված է նաև, որ օրինական կարգով ինձ պատկանող գումարները ՀՀ-ից դուրս հանելու փոխարեն, ես դրանք որպես ավանդ ներդրել եմ ՀՀ բանկում, որով իմ որոշակի ներդրումն եմ ունեցել բանկային համակարգի և տնտեսության զարգացման հարցում (Ժողովո՜ւրդ ջան, չե՞ք տեսնում, որ էս մարդուն պետք է ոչ թե դատել, այլ՝ պարգևատրել):

ՀՀ վարչապետին հորդորում եմ  (անխի՜ղճ, էդ «հորդորել» բառդ ՀՀ քաղաքացիներիս սրտները «խոցեց». ո՛վ քեզ էդ բառի տեղը ցույց տվեց, էդ անգութ մարդու անունը շուտ տո՛ւր) կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին՝ վերադառնալ օրինականության դաշտ, անհապաղ վերադարձնել ինձ և իմ ընտանիքին պատկանող գույքերը և դրամական միջոցները, կալանքից ազատել ինձ և ընտանիքիս պատկանող դրամական միջոցները։ (Հակառակ դեպքում՝ «Сашш уполномочен заявить», որ ինքն սկսում է ի՛ր հեղափոխությունը):



Միևնույն ժամանակ հրապարակային հայտարարում եմ, որ վերը նշված գործողությունները կատարելու և Հայաստանի Հանրապետությունում իրական օրինականություն հաստատելու դեպքում, պատրաստ եմ օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ իմ նախընտրած ոլորտը զարգացնելու և իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով, ինչը մշտապես լռելյայն կատարել եմ»: (Անխի՜ղճ, ուրեմն մինչև հիմա, «լռելյայն», հե՞չ բան չէիր տրամադրել քո Հայրենիքին, իսկ հիմա էլ, որ մի փշրանք տրամադրես, «բազա՞ր» ես անում էդ… Հայրենիքիդ հետ):

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ