Փամբակի լեռնաշղթայով ձգվող անտառների փեշին ծվարած համանուն գյուղը մարդաշատ էր: Լոռեցուն հատուկ հյուրասիրությամբ Լեռնապատի տարեցների «Լեռնապար» եւ Փամբակի պատանեկան «Փամբակ» համույթը դիմավորում էին «Բացահայտի՛ր Լոռին» միջոցառման կազմակերպիչներին ու շահագրգրգիռ կողմերին՝ Ռուսաստանի Դաշնության փոխդեսպաններին, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի ներկայացուցիչներին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարության եւ ՀՀ ՏԶՆՆ Զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակակիցներին:

«Ավանդական տոների վերածնունդ» կրթա-մշակութային ՀԿ-ի հետ համատեղ պետական եւ հասարակական կառույցները փորձում են Լոռու մարզում զարկ տալ տուրիզմի նոր ճյուղի՝ բացի պատմամշկութային արժեքներից, Լոռին հարուստ ավանդույթներ ու մշակույթ ունի, որոնք կներկայացվեն Փամբակում բացված «Հեքիաթի տանը»: «Այս տարածաշրջանում դաստիարակվել են Հովհահանես Թումանյանի հեքիաթներով, դրանք տիկնիկային եւ ստվերների թատրոնի միջոցով կներկայացնենք օտերակրացի եւ տեղացի այցելուներին: Նախատեսել էինք, Փամբակից հեռու մի վայր ընտրել, ինձ ասում էին, որ իսկական հեքիաթը ձորում է, ասեք հենց Թումանյանի հայրենիք Դսեղում (այդպես անվանում են տարածաշրջանի խոր գյուղերը, անգամ անուններն են խորհրդանշական՝ Ձորագյուղ, Վահագնաձոր, Ահնիձոր), բայց հաշվի առանք ճանապարհը, տեղանքը: Կարծում ենք անգամ ձորից կգան Փամբակ մեր հեքիաթները տեսնելու ու լսելու, ազգային երգ ու պարով համեմված ավանդույթներին ծանոթանալու», -ասում է «Ավանդական տոների վերածնունդ» կրթա-մշակութային ՀԿ-ի ղեկավար Հասմիկ Բաղրամյանը:



Նրա կարծիքով կարեւորը նախատիպ ունենալն ու զարգացնելն է: Հետաքրքիր, բավանդակալից կոլորիտային մոդել ունենալով` կզարգանա նաեւ ամբողջ մարզը. «Մենք Լոռիում բացահայտեցինք Լեռնապատի տարեցների խումբը` բացառիկ մշակութային արժեք, որի հետ պետք է աշխատենք ու ներկայացնենք մեր էթնիկ մշակույթը թեկուզ փոքր-ինչ սխալներով, առանց երաժշտական կրթության, բայց ժողովրդից եկածը: Ինչպես տեսաք, փոքրերն էլ իրենց չափով խաղիկների միջոցով ներկայացրեցին ադաթները, եւ մինչ մեծերը հաց էին թխում, չիր էին շարում, երեխաները հյուրասիրում էին ներկաներին: Այսպես սերնդե-սերունդ փոխանցելով` պետք է պահենք մեր արժեքները»:



«Լեռնապար» պարի համույթը, ոչ միայն ազգային երգն ու պարը, նաեւ ավանդույթները ներկայացրեց՝ ներկաները ճաշակեցին տեղում պատրաստած թել (ճիլ) պանիրը, հացատանը փռից հանած տաք հացը, համտեսեցին տեղական մրգերից պատրաստած չրերը: Մարզկենտրոնից 6 կմ հեռավորությամբ գտնվող Փամբակում տեղացիներին չի ձգում գյուղատնտեսական աշխատանքները, նրանք նախընտրում են աշխատել Վանաձորում կամ մոտ երկաթուղում. «Զարմանում ես, որ հողագործությամբ եւ անասնապահությամբ չզբաղվող փամբակցին, ամուր կպած է իր հողին, նույնիսկ արտագնա աշխատանքի չի գնում՝ 4-5 հոգի ընդամենը, որ տարվա մեջ մի քանի ամսով գնում ու վերադառնում է: Չես կարող մեղադրել, ամեն անգամ հիասթափության մի առիթ է լինում: Այս տարվա անձրեւային եղանակը վնասեց խոտհարքերը, որի հետեւանքով մեղվաբույծներն էլ վնաս կրեցին ու արդեն պարզ է, որ ձմռանը հնարավոր է անասնագլխաքանակն էլ նվազի: Կարծում ենք գյուղացուն նոր իմպուլս կտա այս ծրագիրը, եւ իրենց արտադրանքը իրացնելու խնդիր չեն ունենա. եւ կշփվեն, կզարգանան», -ասում է Փամբակ համայնքի ղեկավար Սամսոն Ուլիխանյանը:



Հ.Բաղրամյանը նպատակ ունի ՀՀ-ում ներդնել Լիտվայի փորձը՝ մի լեռան վրա, փոքր տարածքում ամբողջ երկրի գավառները ներկայացնել իրենց մշակույթով եւ կենցաղավարությամբ. «Շատ լավ ծրագիր է, բայց այնտեղ պետությունը հսկայական միջոցներ է ծախսում, իսկ մեր պետությունն ի՞նչ է անում՝ զրո ներդրում»:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ

Հ.Գ. Ծրագիրն իրականություն է դարձել Ռուսաստանի Դաշնության կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում Լոռու մարզպետարանում բացվեց Լոռու մարզի Այցելուների տեղեկատվական եւ տուրիզմի զարգացման հետազոտական կենտրոնները, համագործակցության հուշագիր ստարագրվեց Լոռու մարզպետարանի եւ Ռ.Դ. դեսպանատան միջեւ: