Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում մի քանի ամիս կգզգացվի Հայաստանի շունչը։ Աշխարհի ամենահայտնի մշակութային օջախներից մեկում 2018 թ. սեպտեմբերի 22-ից մինչև 2019 թ. հունվարի 13-ը կգործի «Հայաստան» ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Հայաստանի պատմության, Էջմիածնի Մայր տաճարի թանգարանների, Մատենադարանի, ինչպես նաև Սփյուռքում գործող հայկական մի շարք թանգարանների հավաքածուներից նմուշներ:

«Ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական ու մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում՝ քրիստոնեության ընդունումից մինչև 18-րդ դար: Հավաքածուն ներառում է 140 թանգարանային նմուշ՝ մեծ մասը Հայաստանից տարված», -ամերիկյան ցուցահանդեսի մեկնարկին ընդառաջ հրավիրված ասուլիսում տեղեկացրեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և հավելեց՝ նմուշների մի մասն առաջին անգամ են ցուցադրվելու։

Հայաստանից տարվող նմուշների շարքում ամենամեծաթիվը պատմության թանգարանից կլինեն, բայց կարևորությամբ պակաս արժեք չեն ունենա Էջմիածնի Մայր տաճարից տարվելիք 20 և Մատենադարանից տարվելիք 28 նմուշները։ Հայաստանի պատմության թանգարանից ներկայացվելիք 34 նմուշների շարքում կլինեն և´ քանդակագործության բարձրարժեք գործեր, և´ կիրառական արվեստի նմուշներ, և´ եկեղեցական պարագաներ։ Մատենադարանի հավաքածուից էլ ամերիկյան ցուցասրահում կներկայացվեն ձեռագրեր, որոնց մի մասը թվագրվում է 5-րդ դարով։

«Շատ հարուստ մանրանկարներով է ներկայանում Մատենադարանը: Ձեռագրերերի մի զգալի մասն ավետարաններ են։ Բացի գեղեցիկ պատկերներից, որոնք ներկայացնում են տերունական շարքը, կան նաև այնպիսի գործեր, որտեղ ներկայացվում են պատմական անձնավորություններ», -ասաց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։

Բացառիկ են լինելու նաև Մայր տաճարի թանգարաններից տարված նմուշները. «Հատկանշական է, որ բանակցությունների ժամանակ հենց «Մետրոպոլիտենի» համակարգողներն ուզեցին, որ թանգարանում Հայաստանը ներկայանա քրիստոնյա ժամանակաշրջանում: Քրիստոնյա Հայաստանը պատշաճ կերպով ներկայանալու է այդ թանգարանում, և, կարծում եմ, որ հետևանքն էլ կլինի դրական», -Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։ Ի դեպ, ցուցահանդեսի բոլոր ծախսերը, Պատմության թանգարանի տնօրենի խոսքով, հոգացել է հյուրընկալող կողմը, իսկ տեխնիկական հարցերով բարերարներն են զբաղվել: