Հարցազրույց ՀՀ ԳԱԱ hնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի հետ:

-Հունիսի սկզբին հայտարարեցիք, որ 29 հնավայրում պետք է պեղումներ կատարեք և ավարտին հասցնեք նոյեմբերին: Արդյո՞ք նախատեսված բոլոր ծրագրերը բնականոն ընթացք ունեցան և կավարտվեն ձեր ասած ժամկետներում։

-Այո, հունիսին հայտարարել էինք մոտ 30 հնավայրում աշխատանքներ սկսելու մասին, սակայն հընթացս դրանց թիվն ավելացել է, քանի որ նախապես չպլանավորած, բայց հրատապ վերականգնման աշխատանքներ են առաջացել և դիմել են մեզ պեղումներ կատարելու համար։ Ընդհանուր առմամբ մենք նախապատրաստական աշխատանքները սկսել էինք մայիսից, իսկ հունիսից արդեն կոնկրետ պեղումներն ենք սկսել, որոնք ընթանում են բնականոն հունով և նոյեմբերին կունենանք լուրջ արդյունքներ։



-Այս փուլում արդեն կարո՞ղ եք ասել՝ արդարացա՞ն Ձեր սպասելիքները, գո՞հ եք ստացված արդյունքներից։

-Բավական լավ արդյունքներ ունենք։ Մեծ թվով նոր հնավայրեր ենք արձանագրել հատկապես Եղեգնաձորում, որոնք մինչ այդ մեզ հայտնի չէին։ Տարածաշրջանում հայ-իտալական և հայ-ամերիկյան երկու տարբեր արշավախմբեր են աշխատել՝ իրար լրացնելով, և այժմ խնդիր է դրված պարզելու, թե փաստագրված հնավայրերը ինչ ժամանակների են։

Վայոց ձորում բազմաթիվ նոր ժայռափոր կառույցներ ենք բացահայտել, որոնք միջնադարում վերածվել են մատուռների, մենաստանների։ Մեր որոնումների ընթացքում այստեղ վավերագրել ենք հնավայրեր, որոնք, ամենայն հավանականությամբ, Վանի թագավորության շրջանի կա՛մ դամբարաններ են, կա՛մ սրբարաններ։

Կարևոր հնավայր ենք գտել Ելփին գյուղում։ Արձանագրել ենք մի հսկայական ժայռ՝ ևս մի «Մհերի դուռ», որը մշակված է Վանի թագավորության շրջանում։ Ժայռի հարևանությամբ ընկած տարածքները մարդու կողմից բնակեցվել են շատ ավելի վաղ ժամանակներում։ Ժամանակի ընթացքում, իհարկե, հուշարձանը վնասվել է, բայց ինչ-որ բան պահպանվել է։ Հիմա քարտեզագրում ենք անում, ինտեսիվ աշխատում ենք հանված նյութերի հետ պարզելու համար, թե մեր արձանագրած հնավայրերը որ դարերի հետ կապ ունեն։ Քանի որ դաշտային հետազոտական աշխատանքներն ավարտված չեն, ուստի վերջնական արդյունքները դեռ ամփոփված չեն։

-Նշեցիք այլազգի արշավախմբերի հետ կատարված պեղումների մասին։ Այս տարի շա՞տ եղան նմանատիպ համագործակցություններ։

-Այո, արտասահմանյան կենտրոնների հետ համագործակցություններ հիմա էլ կան։ Այս տարի համագործակցել ենք ամերիկյան մի մեծ արշավախմբի հետ, հնագիտական աշխատանքներ ենք իրականացրել Գեղարոտ գյուղի տարածքում։ Այնտեղ ունենք բրոնզի դարին վերաբերող ամրոց- բնակատեղի։ Այս տարվա պեղումների արդյունքում նոր տիպի, առանձնահատուկ կառույցներ բացվեցին։ Հայ-ամերիկյան մեկ այլ արշավախումբ աշխատեց Հրազդանի կիրճում, որը ավելի շատ ստուգողական բնույթ ուներ։

Ինչպես արդեն նշեցի Հայ-իտալական և հայ-ամերիկյան արշավախմբերը հնագիտական աշխատանքներ իրականացրեցին Վայոց Ձորում։ Հենց այս պահին հայ-ճապոնական արշավախումբն աշխատանքներ է իրականացնում Լեռնագոգ գյուղում։ Պեղում ենք մի բնակատեղի, որը Նեոլիթի շրջանին է վերաբերում։ Մի երկու կամ երեք օրից կունենանք պեղումների վերջնական արդյունքները, որից հետո միայն, հիմնավոր տվյալներով և վստահաբար, կարող ենք խոսել արդյունքների մասին։

Ընդհանրապես՝ 2007 թ-ից Հայաստանի տարածքում տարեկան 15-16, երբեմն նաև 20 ծրագիր է արվում տարբեր գիտական կենտրոնների հետ։ Մեր համագործակցությունների հիմնական շահագրգռությունը միջազգային լաբորատորիաների հնարավորությունների օգտագործումն է, քանի որ մեզ մոտ գտածոների ուսումնասիրությունների համար չկան համապատասխան պայմաններ։



-Սխալված չենք լինի, եթե ասենք, որ փաստորեն Հայաստանը գտնվում է միջազգային կենտրոնների ուշադրության դիտակետում։

-Մարդագոյացման խնդիրների, քաղաքակրթության ձևավորման ելակետային փուլերի, խոշոր աշխարհակալ պետությունների փոխհարաբերությունների հետագա ճակատագիրը հասկանալու համար շատ կարևոր են հայկական լեռնաշխարհի հնագիտական օբյեկտների ուսումնասիրությունները։ Առանց Հայաստանում կատարված պեղումների, շատ հարցերի պատասխաններ թերի կմնան։

-Նման ծավալի աշխատանքների համար պետական բյուջեից ստացված գումարները բավարա՞ր են։

-Գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար մենք պետական բյուջեից ստանում ենք գումարներ, սակայն Հայաստանի տարածքի հնագիտական հուշարձանները մեծ թիվ են կազմում, որոնց զգալի մասը

վտանգված են, ուստի որքան էլ գումար ստանանք, էլի ինչ-որ տեղ քիչ է։ Բայց լուրջ գիտական ծրագրեր իրականացնելու համար մենք ստանում ենք լուրջ գումարներ: Անգամ օտարերկրյա արշավախմբերի հետ համատեղ աշխատելիս մենք ունենում ենք մեր նշանակալի ներդրումը, այսինքն՝ համաֆինանսավորմամբ ենք աշխատում։



-Մշակույթի նախարարությունը 2017թ․վարձակալության հանձնեց պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավներ։ Ի՞նչ կասեք այս մասին։

- Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կյանքի կոչված նման ծրագրերը լրջորեն նպաստում են հնավայրերի պահպանության և նպատակային օգտագործման խնդիրների լուծմանը։ Եվ ընդհանրապես, եթե հետագայում կազմակերպվի զբոսաշրջիկների կառավարելի հոսք տարբեր հնավայրեր, ապա հնագույն հուշարձանների պահպանության հարցը զգալի օժանդակություն կստանա:

Զբոսաշրջության նպատակներով օգտագործվող հնագիտական օբյեկտից որոշակի շահույթ կարող ենք ակնկալել: Եթե այդ գործը ճիշտ կազմակերպենք, ապա օգտագործումից ստացվող հասույթը կարող է ծառայել ինչպես բուն հուշարձանի պահպանության գործի կազմակերպմանը, այնպես էլ կարելի է մասնահանում անել հարևանությամբ գտնվող համայնքի սոցիալական ինչ-ինչ խնդիրները լուծման համար։ Օրինակ՝ Արենի 1 քարայրը՝ ամենահին գինու հնձանով, վարձակալության հիմունքներով հանձնվել է մասնավոր հոգածության։ Սա պեղված և պեղվող հուշարձան է: Բացված կառույցների ու շերտերի պահպանությունը հնարավոր է ապահովել, եթե կա ամենօրյա խնամք: Վարձակալի առաջին խնդիրն է լինելու կազմակերպելու այդ խնամքը: Եթե հնավայրում պեղման, բարեկարգման ծրագրեր են կատարվելու, ապա այդ աշխատանքներում ընդգրկվելու են Արենիի բնակիչները: Եթե զբոսաշրջիկներ են այցելելու հնավայր` կառավարվող հոսքերով, ապա գյուղապետարանի հետ հնարավոր կլինի մշակել որոշակի միջոցառումներ, կամ կստեղծվեն պայմաններ, որ գյուղի բնակիչներն իրենց բերքն ու բարիքը կարողանան իրացնել Արենիի շուրջ ձևավորվող զբոսաշրջության համատեքստում: Հնավայրերի վարձակալությունը լուրջ հնարավորություններ է ստեղծում նման մոտեցումները կյանքի կոչելու համար:

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ