Նախընտրական բարի մթնոլորտն իր տեղը զիջել է «սևերի ու սպիտակների» թեժ պայքարին, որը քարոզարշավի սկզբում «լեզվի թեթև սայթաքում» գնահատեցին շատերը։ Հնարավոր է, որ «սխալմամբ» շրջանառության մեջ դրված այս գաղափարը մոռացության մատնվեր, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 10-ին Էրեբունիում կայացած հանրահավաքի իր ելույթում չպաշտպաներ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի աղմկահարույց հայտարարությունը։

Սա, իհարկե, աննկատ չմնաց քաղաքական մյուս թիմերի ուշադրությունից և դարձավ քարոզարշավի մասնակիցների նախընտրական ճառերի մեխը։ Նախ խոսեց Նաիրա Զոհրաբյանը, ով Հայկ Մարությանին հրավիրեց բանավիճելու առանց Փաշինյանի, ապա դաշինքին մեղադրեց արժանապատվության և բարոյականության բոլոր սահմանները անցնելու մեջ։ Իհարկե, Հայկ Մարությանը համեստորեն հրաժարվեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի բանավեճի «հրավերից»՝ նկատելով, որ քաղաքապետի 11 թեկնածու կա և միայն մեկին նախապատվություն տալը ճիշտ չէ, բայց, այնուամենայնիվ, միմյանց ուղղված փոխադարձ «կրակահերթերը» փոխանցվել և շարունակվում են երկու ուժերի ընտրազանգվածների միջև օնլայն տիրույթում և, ակնհայտորեն, կավարտվեն միայն սեպտեմբերի 23-ին։

Եթե այս ամբողջ լեզվակռիվներն ու բանավեճերը փոքր-ինչ հասկանալի են Հայկ Մարությանի և Նաիրա Զոհրաբյանի ընտրապայքարում, ապա խիստ մտահոգիչ են դառնում «Լույս» և «Իմ քայլը» դաշինքների քողարկված մեղադրանքներում։ Նախկին թիմակիցների ելույթներում անհնար է չնկատել լարվածություն, որ վերջին օրերին ավելի շատ սպառնալիքի նրբերանգներ է պարունակում։ «Լույս» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրուցում անդրադառնալով սևերի ու սպիտակների բաժանված հասարակության թեմային` ուղիղ դիմեց Նիկոլ Փաշինյանին․
-Էս ընտրարշավում չկա որևէ ուժ, որի դեմ պայքարես: Էստեղ եղած բոլոր ուժերն էլ պայքարել են նախկինի դեմ։ Էդ նախկինն էլ՝ Հանրապետական կուսակցությունը, թեկնածու չի առաջադրել։ Ի՞նչ սև ու սպիտակի խնդիր է։

Երբեմնի գործընկերը, ակնհայտ դժգոհ է և նեղացած․
-Ո՞նց կարելի է նեղացնել Ձեզ հետ ճամփա անցած թիմին։ Հո խնդիրը միայն նրանում չի, թե ով է Ձեզ հետ քայլել։ Մտածեք, թե ոնց եք անելու արտահերթ ընտրությունների գնալու ժամանակ։ Ու էն մարդիկ, ովքեր Ձեզ օգնել են, կարող է էլ չօգնեն․․․

Այո, ընտրական թոհուբոհը քաղաքում իրավիճակ է փոխել՝ սիրո և հանդուրժողակության պակաս է զգացվում։ Երևանի ղեկի համար պայքարի մեջ մտած ուժերը հատել են իրար վիրավորելու և հակադարձ մեղադրանքներ հնչեցնելու բոլոր սահմանները և քաղաքապետի թեկնածուների ելույթներն ավելի շատ հակաքարոզներ են, որ միտված են այս կամ այն քաղաքական թիմին հեղինակազրկելուն։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ