«Բայց ինչ-որ ունի իմ ընտանիքը, իմ ընտանիքի անդամները, կամ ստեղծված է զրոյից, կամ գնված է օրինական ճանապարհով»…

ՀՀ երկրորդ նախագահը «Yerevan.Today»-ի հետ զրուցելիս

ՀՀ երկրորդ նախագահը անցած 20 օրում ավելի շատ հարցազրույց ունեցավ, քան անցած 20 տարում: Ընդսմին՝ հիմնականում «լացացնում» ու լաց է լինում: Կասկածներ կան, որ արցունքները կոկորդիլոսի են: Եւ այսպես՝ «ծաղկաքաղ»՝ ՀՀ «հանիրավի հալածյալի հերթական հարայից», «Yerevan.Today»-ի դեմ սիրտը բացելիս: Կանխավ զգուշացնեմ, որ այս անգամ «հարայի» վեկտորը Հյուսիսից փոխվել է Արևմուտք:

Ամեն ինչ ուղղակի զավեշտալի է: (Բա որ զավեշտալի է, ծիծաղելու տեղ ինչո՞ւ եք հիմա էսպես լաց լինում):Բովանդակությունը (ԱԱԾ-ի ու ՀՔԾ-ի ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի՛ բովանդակությունը) միանշանակ ապացուցում է, որ կատարվել է հանցագործություն, շատ կոնկրետ հանցագործություն, եղել է ճնշում դատարանի վրա (էդ ճնշման արդյունքո՞ւմ ձեզ բաց թողեցին):

Սա քաղաքական հետապնդում է, որևէ կապ չունի Մարտի 1-ի բացահայտման հետ և ունի միակ նպատակ, ոնց որ իրենք են ասում՝ ինձ փակել (բա որ ձեզ «փակելն» էր նպատակը, ինչո՞ւ «բացեցին» ու բաց թողեցին): Սա է այդ գործի էությունը, և ակնհայտ է ևս մի բան, որ որևէ, ընդհանրապես որևէ վստահություն չի լինելու այն քրեական գործերի նկատմամբ, որոնք քննվում են կամ վերահսկվում են այդ մարդկանց կողմից (ի տարբերություն ձեր օրոք «վստահելի մարդկանց» կողմից վարված գործերի՞):

Յուրաքանչյուր պետությունում, ոչ միայն զարգացած ժողովրդավարական պետություններում, նման սկանդալից հետո այդ մարդիկ պետք է տային հրաժարական (ոնց որ դո՞ւք՝ հոկտեմբերի 27-ի «սկանդալից» հետո), ներողություն խնդրեին հասարակությունից իրենց արարքի, հանցանքի համար (ոնց որ դո՞ւք՝ մարտի 1-ից հետո), ներողություն խնդրեին նաև ինձնից՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահից (մարտի 1-ին կոտորվածների հարազատնե՞րն էլ պիտի գան, ձեզնից ներողություն խնդրեն. իսկ գուցե զոհերի դեռևս չխաղաղվող ոգինե՞րն էլ կանչես-գան, քեզնից ներողություն խնդրեն, պարո՜ն «հալածյալ»):

Բայց մեր մոտ մենք ունենք լրիվ այլ պատկեր. իրենք անցան հարձակման և այդ հարձակման ընթացքում սկսեցին օգտագործել Մարտի 1-ի քրեական գործը (ուզում եք ասել, որ դուք «ընդամենը» քրեակա՞ն հանցանքի համահեղինակ եք, իսկ քանզի ձեզ ոչ մի դատ չի հասնում, քանզի սահմանադրությամբ անձեռնմխելի եք, ուրեմն քրեական գործը հե՞չ. ինչ քրեական հանցանք ուզեք, կկատարե՞ք): Սա ևս ապացուցում է, որ այս մարդիկ խիղճ չունեն (սիրտս լցվեց, ո՛վ հայոց խղճի միակ մարմնացում), ուղղակի պադոշոտ դեմքերով փոխանակ փորձեն արդարանալ իրենց արած հանցանքից (ո՞ր հանցանքը նկատի ունեք. ա՞յն, որ ձեզ բաց թողեցի՞ն), փորձում են հարձակվել և նոր մեղադրանքներ ուղղել իմ հասցեին (ձեր ո՞ր հասցեին. օֆշորներո՞ւմ եղած, թե՞ «ձեզնից թաքուն» «զրոյից սկսած» ու պալատներ դրած ձեր ընտանիքի անդամների պալատների՛ հասցեին):

Ի՞նչ ասեմ, զարմանալի բան է, բայց սա փաստ է, և ամենից զարմանալին գիտե՞ք ինչն էր ինձ համար՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, որ ինքը պատասխանատու է քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալումների համար: Դա հնչեցրեց հանրահավաքի ընթացքում: Մենք Եվրոխորհրդի անդամ երկիր ենք, սա չի կարող անհետևանք անցնել Հայաստանի Հանրապետության համար: (Դեպ Ռուսաստան հղված «հարայն» անպատասխան մնաց, հիմա «հարայի» հասցեն փոխել, Եվրոպա է ղրկում): Սա մի հայտարարություն է, որ նույնիսկ բռնապետները չեն անում այսպիսի ուղիղ ձևով (այսինքն՝ բռնապետերը ձեր ձևո՞վ են անում, երեսպաշտորե՞ն):

Հիմա ես պետք է շնորհավորեմ Հայատանի ժողովրդին, որ մենք ստացանք նոր բռնապետ («оговорка по Фрейду», հայեցի ասած՝ միամիտ բերնիցդ թռավ, ենթագիտակցության տակ թաքցրածը մատնեց. եթե սա նորն է, ուրեմն հինն ով է՞, համ էլ, պարո՛ն երկրորդ նախագահ, էդ ո՞նց է լինում, որ դուք ու Ալիևները միշտ միաժամանակ նույն երգն եք երգում, իրար ձայնակցում. էն էլ ձեզ պես ու ձեզ համահունչ սկսեց Նիկոլին «բռնապետ» անվանել): Արդյո՞ք սա էր այդ հեղափոխության նպատակը, ես մեծ կասկածներ ունեմ (իսկ այդ հեղափոխությունն անող ժողովրդի՞ հանդեպ ինչ չափսի կասկածներ ունեք, թե ձեր վարած «հատուկ» քաղաքականության ու ձեր սադրած գաղթի արդյունքում՝ ձեր հաշվարկով Հայստանում արդեն պիտի ժողովուրդ մնացած չլիներ, պրծած-վերացած-չքացած լիներ, ու հիմա զարմանում եք, որ դեռևս չի պրծել հայ ժողովուրդը ու կա՛):

Եվ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ կատարվածի հետևանքները չափազանց ծանր են նստելու Հայաստանի համար (ձեր ու ձերոնց նավսի ծանրությանը դիմացած երկիրը դժվար թե ուրիշ մի ծանրությունից վախենա, համ էլ, մեջդ կուտակված ահդ ուրիշներին տալով, ահիցդ չես պրծնի. քամու աշխատանք է): Վարչապետն իր վրա է վերցնում պատասխանատվությունը ձերբակալումների համար (ի տարբերություն ձեզ, որն իր պատասխանատվությունը սովորաբար ուրիշի վրա էր գցում), որի իրավունքը սահմանադրությամբ ընդհանրապես չունի (էդ սահմանադրությունն արդեն կարդացել ե՞ք, անխիղճ, 20 տարի ասում էին կարդա, հազիվ կարդացիք), մոտ գալու իրավունք չունի: Ինքը դրանով ոչ միայն կոպիտ ձևով խախտում է Սահմանադրությունը, խախտվում են մի շարք օրենքներ: Այ սա է սահմանադրական կարգի տապալումը («աբարոտկեն» Նիկոլից խլեցի՞ք):


Ես հասկանում եմ՝ կան մարդիկ, որոնք հանրահավաքների ժամանակ չափից շատ են ոգևորվում, մինչև որոշակի սենց բորբոքվածության աստիճան (է, դո՛ւք հավաքեք մի այլ հանրահավաք, գոնե 100 հոգի, ու հանրահավաք վարելու օրինակ ցույց տվեք: Կարո՞ղ եք, թե՞ 100 հոգի դժվար հավաքեք, որ էդ օրինակը ցույց տաք: Ձեր հավաքած հանրահավաքը, վախենամ, դառնա քո ու Էռնեկյանի տե-տա-տետը սոսկ, քանզի էրկուսիցդ բացի թե էլի՛ մարդ եկավ, ուրեմն եկողը մոլորված Գալուստն է հաստատ լինելու՝ էն էլ «Եվրանյուզի» օպերատորի ուղեկցությամբ), և կարող են ասել տարբեր բաներ, բայց պետական գործիչը պետք է առաջին հերթին այնպիսին լինի (ինչպիսին դո՞ւք էիք, երբ ասում էիք, թե՝ «ընդդիմությունը իքիբիր է»), որ իր լեզուն մտքից առաջ չվազի, քանի որ դրա հետևանքները պետության համար կարող են ողբերգական լինել (ո՞ր պետության հետ եք, է՞ն պետության, որի քաղաքացիներին դրիք-կոտորեցիք) և արդեն ժողովրդավարության հարցը լսվելու է Եվրոխորհրդի ատյաններում, մոնիտորինգային խմբում (հիմա էլ Եվրոպայի՞ սիրահար դարձաք, մեջը չորացած երիցուկ դրած սիրային նամա՞կ եք գրում. Պուտինը տեղյա՞կ է էդ թազա բուսած սիրապրծուկից):

Եւ գիտե՞ք, երբ որ նման կարգի պաշտոնյաները գողական նաև տերմինաբանությամբ են խոսում, դա արդեն որոշ չափով բնութագրում է նրանց էությունը (երկրի քուչեքում ինչքան գողական կար, բերիք երկրի գլուխ, հիմա գողականներից ինչո՞ւ միանգամից էսպես հիասթափվեցիք, բա որ «սխոդկի՞» կանչեն ու ձեր «հա՞րցը լսեն». էդ արդեն իրանց դեմ «զապադլո» է, պարոն ՀՀ երկրորդ նախագահ, չեղա՜վ, ձեր «հարցը հաստա՜տ կդնեն-կլսեն»):

Սա հերթական անհեթեթությունն է, կրկնում եմ՝ հերթական: Ես անձամբ բիզնեսով երբեք չեմ զբաղվել: Իմ ընտանիքի անդամները 15-16 տարի զբաղվում են բիզնեսով, երբեք պետական պաշտոններ չեն զբաղեցրել, զբաղվում են բիզնեսով և որոշակի հաջողությունների հասել են (ուրեմն երկրի տնտեսության միակ հատվածը, որ հաջողության է հասել ձեր ասած էդ 15-16 տարում, դուրս է գալիս, միայն ձե՛ր ըտանիքն է): Բայց ինչ-որ ունի իմ ընտանիքը (որը մինչև ձեր նախագահ դառնալը ոչ ուներ, ոչ էլ կհամարձակվեր անգամ էդ մասին երազել), իմ ընտանիքի անդամները (միլիոնատե՛ր դարձած անդամները), կամ ստեղծված է զրոյից (այսինքն՝ բոլորը ֆոկուսնիկներ են), կամ գնված է օրինական ճանապարհով (անօրինական փողով, բայց օրինական ճանապարհո՞վ. հաստա՜տ ֆոկուսնիկ են):

Հարցազրույց վարողն էստեղ նախօրոք լա՜վ թրջած ու նախապատրաստած ու զրուցակցի ուզած կուտն է խնամքո՜վ տալիս, խոսքն այնպես է ուղղում զրուցակցի ուզած ուղղությամբ, որ ՀՀ երկրորդ նախագահը խոսի «հասարակությունը սև ու սպիտակների» բաժանելու մասին:

Դասական բոլշևիզմ է: Դասական բոլշևիզմ է (պարո՛ն նախագահ, ախր կուսաշխատող եք եղել, ինչո՞ւ եք ձերոնց դրել, էդպես «խուրդում». մարդ էլ իրեն սնող աղբյուրի մեջ թքի), ուղղակի բոլշևիզմի ժամանակ բաժանում էին սպիտակների ու կարմիրների: Կարմիրները լավն էին՝ բոլշևիկները, սպիտակները վատն էին՝ բուրժուազիան (դուք, որ նախ կարմիր բոլշևիկ էիք, հետո որ դարձաք սպիտակ բուրժուա, հիմա ի՞նչ գույնի եք. կարմիրը որ խառնես սպիտակին, կտա վարդագո՞ւյն, ո՜վ հայոց ապագայի՝ ձեր խոստացած գույնի ժամանակից շուտ կրող «հալածյալ»):

Դասական բոլշևիզմ է, և մենք գիտենք ինչ հետևանքներ է նման քաղաքականությունն ունենում (այո՛, գիտենք. նման քաղաքականության արդյունքում ձեզ նման պարտհրահանգիչներ են առաջանում՝ շահագործված դասակարգի շահերի պաշտպաններ, որոնք հետո էդ պարտիայից հրաժարվում, իրենց պաշտպանյալներին թալանում, միլիարդատեր են դառնում): Եվ վարչապետը փոխանակ միավորի ժողովրդին, բաժանում է, տարանջատում է ժողովրդին, ատելություն է սերմանում ժողովրդի մոտ, մոլորեցնում է (այսինքն՝ մարդկանց էն բանակները, որ վարչապետն է էսօր հավաքում, մոլորվածներ են, իսկ Սողոմոնյան Վիկտորն ու էլի մի 10-20 հոգի, որ, ձեր իսկ անտառում մոլորված, էսօր, մեկ Ռուսաստանի կողմ, մեկ Եվրոպայի կողմ վիզները ծռած, շատ սրտաճմլիկ «ա՜-ո՜ւ» են կանչում, դրանք մոլորված չեն):

Ես համոզված եմ, որ մեր ժողովրդի մտածող մասը, վերլուծող մասը շատ լավ գիտակցում է՝ ինչ է կատարվում Հայաստանում այսօր և ինչ վտանգներ կարող են բխել այս կարգի քաղաքականությունից, այս կարգի մոտեցումներից (ուզում եք ասել՝ ողջ ժողովուրդը «անգիտակից մասն» է, իսկ ձեր ձեռնասուն մի քանի հոգին՝ մտածո՞ղ մասը. ախր դրանց ուղեղը վաղուց չորացրել եք, ուրիշ օրգան է՞լ ունեն, որով մտածեն):

Վատ իրավիճակ է, կրկնեմ, և սա այն իրավիճակն է, որտեղ իշխանությունը փորձում է գերբևեռացման վրա տեսնել իր հաջողությունը, ոչ թե մերձեցման, այլ գերբևեռացման վրա (գերբևեռացումը գի՞տեք որն է, պարոն ՀՀ երկրորդ նախագահ. որ շատ գրագետ ՀՀ քաղաքացիներ «նիսիաների ցուցակի՛ց» դուրս չեն գալիս, իսկ դուք ու «զրոյից միլիոն ստեղծած» ձեր էդ ֆոկուսնիկ, ու ոչ էնքան գրագետ մերձավորները՝ Ֆորբսի ցուցակից): Իսկ սա վտանգավոր է ուղղակի, ուղղակի վտանգավոր է (էն էլ ինչքա՜ն, ինչքա՜ն է վտանգավո՜ր, մանավանդ երբ սկսեն ձեր էդ «զրոյից դիզածի ու դիզողների» հետքերով գնալ): Չեմ կարծում, որ պետական մտածելակերպ ունեցող մարդիկ կարող են գնալ նման կարգի քայլերի (ձեր դիզածը ձեր ձեռքից առնեն, բյուջե վերադարձնե՞ն. է՞դ քայլերը նկատի ունեիք), սա ուղղակի անընդունելի է (բա ձեր ու ձեր գերդաստանի էդ դիզածը հո ժողովրդի կողմից ձեզ համար արված մատա՞ղ չէ, որ ընդունելի լինի):

Ողջամտության կոչ պետք է անենք (ողջամտության ինչ կոչ նկատի ունեք.որ Վճռաբեկը Վերաքննիչի վճի՞ռը բեկանի), և մեր մտավորականությունը (ձեր մտավորականությունն ո՞վ է՝ ձեր հարսանիքներին շտապ կանչվող ռաբիս երգիչնե՞րը, թե՞ Հ1-ի՝ ամեն առումով ձայնազուրկ, ամեն առումով միայն ֆոնոգրամմայի տակ երգող մյո՛ւս ռաբիս երգիչ-երգչուհիները), մեր լրագրողները (էդ կողքիդ նստածի՞ն ես համարում լրագրող ու իրեն էլ դիմո՞ւմ), մեր մամուլը (էդ քո ձեռնասուն անձնական «մամուլը» երբվանի՞ց դարձավ «մեր մամուլ») պետք է կանգնեցի (եթե նորից ձեր էդ մամուլի՛ն եք դիմում, ապա էդ մամուլը, ձեր դռանը կապած, էնքան անկար ու ապիկար այլևս դարձավ, որ ինքը վաղուց ոչինչ ի վիճակի չէ, որ… կանգնեցնի) և պետք է ցույց տա, որ սա անընդունելի քաղաքականություն է, և պետք է վերջ տանք սրան (իզուր ավելի ես վատամարդ ըլնում ու իզուր գործդ ավելի բարդացնում, պարո՜ն նախագահ, մեկ է, ժողովուրդը լավ գիտի, թե ինչին է ինքը վերջ տալու):

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ