Ես հասկանում եմ՝ կան մարդիկ, որոնք հանրահավաքների ժամանակ չափից շատ են ոգևորվում, մինչև որոշակի սենց բորբոքվածության աստիճան (է, դո՛ւք հավաքեք մի այլ հանրահավաք, գոնե 100 հոգի, ու հանրահավաք վարելու օրինակ ցույց տվեք: Կարո՞ղ եք, թե՞ 100 հոգի դժվար հավաքեք, որ էդ օրինակը ցույց տաք: Ձեր հավաքած հանրահավաքը, վախենամ, դառնա քո ու Էռնեկյանի տե-տա-տետը սոսկ, քանզի էրկուսիցդ բացի թե էլի՛ մարդ եկավ, ուրեմն եկողը մոլորված Գալուստն է հաստատ լինելու՝ էն էլ «Եվրանյուզի» օպերատորի ուղեկցությամբ), և կարող են ասել տարբեր բաներ, բայց պետական գործիչը պետք է առաջին հերթին այնպիսին լինի (ինչպիսին դո՞ւք էիք, երբ ասում էիք, թե՝ «ընդդիմությունը իքիբիր է»), որ իր լեզուն մտքից առաջ չվազի, քանի որ դրա հետևանքները պետության համար կարող են ողբերգական լինել (ո՞ր պետության հետ եք, է՞ն պետության, որի քաղաքացիներին դրիք-կոտորեցիք) և արդեն ժողովրդավարության հարցը լսվելու է Եվրոխորհրդի ատյաններում, մոնիտորինգային խմբում (հիմա էլ Եվրոպայի՞ սիրահար դարձաք, մեջը չորացած երիցուկ դրած սիրային նամա՞կ եք գրում. Պուտինը տեղյա՞կ է էդ թազա բուսած սիրապրծուկից):

Եւ գիտե՞ք, երբ որ նման կարգի պաշտոնյաները գողական նաև տերմինաբանությամբ են խոսում, դա արդեն որոշ չափով բնութագրում է նրանց էությունը (երկրի քուչեքում ինչքան գողական կար, բերիք երկրի գլուխ, հիմա գողականներից ինչո՞ւ միանգամից էսպես հիասթափվեցիք, բա որ «սխոդկի՞» կանչեն ու ձեր «հա՞րցը լսեն». էդ արդեն իրանց դեմ «զապադլո» է, պարոն ՀՀ երկրորդ նախագահ, չեղա՜վ, ձեր «հարցը հաստա՜տ կդնեն-կլսեն»):

Սա հերթական անհեթեթությունն է, կրկնում եմ՝ հերթական: Ես անձամբ բիզնեսով երբեք չեմ զբաղվել: Իմ ընտանիքի անդամները 15-16 տարի զբաղվում են բիզնեսով, երբեք պետական պաշտոններ չեն զբաղեցրել, զբաղվում են բիզնեսով և որոշակի հաջողությունների հասել են (ուրեմն երկրի տնտեսության միակ հատվածը, որ հաջողության է հասել ձեր ասած էդ 15-16 տարում, դուրս է գալիս, միայն ձե՛ր ըտանիքն է): Բայց ինչ-որ ունի իմ ընտանիքը (որը մինչև ձեր նախագահ դառնալը ոչ ուներ, ոչ էլ կհամարձակվեր անգամ էդ մասին երազել), իմ ընտանիքի անդամները (միլիոնատե՛ր դարձած անդամները), կամ ստեղծված է զրոյից (այսինքն՝ բոլորը ֆոկուսնիկներ են), կամ գնված է օրինական ճանապարհով (անօրինական փողով, բայց օրինական ճանապարհո՞վ. հաստա՜տ ֆոկուսնիկ են):

Հարցազրույց վարողն էստեղ նախօրոք լա՜վ թրջած ու նախապատրաստած ու զրուցակցի ուզած կուտն է խնամքո՜վ տալիս, խոսքն այնպես է ուղղում զրուցակցի ուզած ուղղությամբ, որ ՀՀ երկրորդ նախագահը խոսի «հասարակությունը սև ու սպիտակների» բաժանելու մասին:

Դասական բոլշևիզմ է: Դասական բոլշևիզմ է (պարո՛ն նախագահ, ախր կուսաշխատող եք եղել, ինչո՞ւ եք ձերոնց դրել, էդպես «խուրդում». մարդ էլ իրեն սնող աղբյուրի մեջ թքի), ուղղակի բոլշևիզմի ժամանակ բաժանում էին սպիտակների ու կարմիրների: Կարմիրները լավն էին՝ բոլշևիկները, սպիտակները վատն էին՝ բուրժուազիան (դուք, որ նախ կարմիր բոլշևիկ էիք, հետո որ դարձաք սպիտակ բուրժուա, հիմա ի՞նչ գույնի եք. կարմիրը որ խառնես սպիտակին, կտա վարդագո՞ւյն, ո՜վ հայոց ապագայի՝ ձեր խոստացած գույնի ժամանակից շուտ կրող «հալածյալ»):

Դասական բոլշևիզմ է, և մենք գիտենք ինչ հետևանքներ է նման քաղաքականությունն ունենում (այո՛, գիտենք. նման քաղաքականության արդյունքում ձեզ նման պարտհրահանգիչներ են առաջանում՝ շահագործված դասակարգի շահերի պաշտպաններ, որոնք հետո էդ պարտիայից հրաժարվում, իրենց պաշտպանյալներին թալանում, միլիարդատեր են դառնում): Եվ վարչապետը փոխանակ միավորի ժողովրդին, բաժանում է, տարանջատում է ժողովրդին, ատելություն է սերմանում ժողովրդի մոտ, մոլորեցնում է (այսինքն՝ մարդկանց էն բանակները, որ վարչապետն է էսօր հավաքում, մոլորվածներ են, իսկ Սողոմոնյան Վիկտորն ու էլի մի 10-20 հոգի, որ, ձեր իսկ անտառում մոլորված, էսօր, մեկ Ռուսաստանի կողմ, մեկ Եվրոպայի կողմ վիզները ծռած, շատ սրտաճմլիկ «ա՜-ո՜ւ» են կանչում, դրանք մոլորված չեն):

Ես համոզված եմ, որ մեր ժողովրդի մտածող մասը, վերլուծող մասը շատ լավ գիտակցում է՝ ինչ է կատարվում Հայաստանում այսօր և ինչ վտանգներ կարող են բխել այս կարգի քաղաքականությունից, այս կարգի մոտեցումներից (ուզում եք ասել՝ ողջ ժողովուրդը «անգիտակից մասն» է, իսկ ձեր ձեռնասուն մի քանի հոգին՝ մտածո՞ղ մասը. ախր դրանց ուղեղը վաղուց չորացրել եք, ուրիշ օրգան է՞լ ունեն, որով մտածեն):

Վատ իրավիճակ է, կրկնեմ, և սա այն իրավիճակն է, որտեղ իշխանությունը փորձում է գերբևեռացման վրա տեսնել իր հաջողությունը, ոչ թե մերձեցման, այլ գերբևեռացման վրա (գերբևեռացումը գի՞տեք որն է, պարոն ՀՀ երկրորդ նախագահ. որ շատ գրագետ ՀՀ քաղաքացիներ «նիսիաների ցուցակի՛ց» դուրս չեն գալիս, իսկ դուք ու «զրոյից միլիոն ստեղծած» ձեր էդ ֆոկուսնիկ, ու ոչ էնքան գրագետ մերձավորները՝ Ֆորբսի ցուցակից): Իսկ սա վտանգավոր է ուղղակի, ուղղակի վտանգավոր է (էն էլ ինչքա՜ն, ինչքա՜ն է վտանգավո՜ր, մանավանդ երբ սկսեն ձեր էդ «զրոյից դիզածի ու դիզողների» հետքերով գնալ): Չեմ կարծում, որ պետական մտածելակերպ ունեցող մարդիկ կարող են գնալ նման կարգի քայլերի (ձեր դիզածը ձեր ձեռքից առնեն, բյուջե վերադարձնե՞ն. է՞դ քայլերը նկատի ունեիք), սա ուղղակի անընդունելի է (բա ձեր ու ձեր գերդաստանի էդ դիզածը հո ժողովրդի կողմից ձեզ համար արված մատա՞ղ չէ, որ ընդունելի լինի):

Ողջամտության կոչ պետք է անենք (ողջամտության ինչ կոչ նկատի ունեք.որ Վճռաբեկը Վերաքննիչի վճի՞ռը բեկանի), և մեր մտավորականությունը (ձեր մտավորականությունն ո՞վ է՝ ձեր հարսանիքներին շտապ կանչվող ռաբիս երգիչնե՞րը, թե՞ Հ1-ի՝ ամեն առումով ձայնազուրկ, ամեն առումով միայն ֆոնոգրամմայի տակ երգող մյո՛ւս ռաբիս երգիչ-երգչուհիները), մեր լրագրողները (էդ կողքիդ նստածի՞ն ես համարում լրագրող ու իրեն էլ դիմո՞ւմ), մեր մամուլը (էդ քո ձեռնասուն անձնական «մամուլը» երբվանի՞ց դարձավ «մեր մամուլ») պետք է կանգնեցի (եթե նորից ձեր էդ մամուլի՛ն եք դիմում, ապա էդ մամուլը, ձեր դռանը կապած, էնքան անկար ու ապիկար այլևս դարձավ, որ ինքը վաղուց ոչինչ ի վիճակի չէ, որ… կանգնեցնի) և պետք է ցույց տա, որ սա անընդունելի քաղաքականություն է, և պետք է վերջ տանք սրան (իզուր ավելի ես վատամարդ ըլնում ու իզուր գործդ ավելի բարդացնում, պարո՜ն նախագահ, մեկ է, ժողովուրդը լավ գիտի, թե ինչին է ինքը վերջ տալու):

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ