Աշխատանքային այցով Ֆրանսիա մեկնած վարչապետ Փաշինյանը Փարիզում, Ելիսեյան պալատում, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ապա նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ու տեղի հայ համայնքի հետ։ Ներկայացնում ենք երկօրյա այցի հանգույցային կետերը:

Էմանուել Մակրոնը ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը տարբեր ոլորտներում: Ընդամենը մեկ ամիս անց պետական այցով Մակրոնը ժամանելու է Հայաստան։ Մակրոնը վստահ է՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Երևանում կանցկացվի բարձր մակարդակով:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հիացմունքով է արտահայտվել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին։ Նրանք ևս նախատեսում են ընթացիկ տարում հայկական նախագիծ հանդիսացող «Թումոյի» օրինակով կենտրոն ստեղծել Փարիզում, որը կդառնա երկկողմ բարեկամության եւս մի կամուրջ։ Անն Իդալգոն տեղեկացրել է ստարտ-ափերին Փարիզի քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող օժանդակության ծրագրերի մասին և պատրաստակամություն հայտնել այս ոլորտում փորձի փոխանակում իրականացնել Երեւանի քաղաքապետարանի հետ. «Անկեղծորեն ուրախ եմ, որ Փարիզի և Հայաստանի միջեւ բարեկամությունը խորն է: Մենք ունենք ընդհանուր անցյալ և ընդհանուր ապագա, որը պետք է կառուցենք: Ներկան այն երիտասարդությունն է, որ ոտքի կանգնեց Ձեզ հետեւելու համար, ոտքի կանգնեց ժողովրդավարության համար և իր ապագայի համար, և խաղաղ քայլերթն է, որ Ձեզ Գյումրիից Երեւան բերեց և խաղաղ քամին է, որ փչում է Ձեր երկրում: Այսօր կա մի սերունդ, որ կիսում է Ձեր հսկայական պատասխանատվությունը»:

Փարիզի Pavillon Gabriel սրահում հանդիպելով ֆրանսահայերի հետ՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը։ Ինչպես և սպասվում էր, այդ մասին խոսել է նաև Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ. «Պարոն Մակրոնի հետ մենք մտքեր փոխանակեցինք: Ես ասացի, որ Ադրբեջանի ղեկավարը և ղեկավարությունը այնքան էլ անկեղծ չեն, երբ խոսում են խնդրի կարգավորման մասին: Տարածաշրջանում կա կարգավորման մթնոլորտ, Ադրբեջանը բարձրաձայնում է, որ Ղարաբաղն իր կարծիքով պետք է լինի Ադրբեջանի կազմում, մյուս կողմից էլ ասում է, որ չի բանակցի Ղարաբաղի հետ»:
Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ շեշտել է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

                                                                                             Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ