Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր՝  «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Պրեմիերային ներկա էին ռեժիսորի ընկերները, հարազատները, հյուրեր:

Ֆիլմը ռեժիսորի առաջին հայկական կատակերգությունն է: Այն հարցին, թե ի՞նչը պատճառ հանդիսացավ դրամայից կատակերգության ժանրին անցումը, ռեժիսորը պատասխանեց. «Հետաքրքիր չէ անընդհատ նկարահանել նույն ժանրի ֆիլմեր, պետք է պրպտել ու փորձել ամեն ժանր՝ գեղարվեստականից մինչև սերիալ»:

Ֆիլմում նկարահանվել են Սամվել Թոփալյանը, Անի Ղազարյանը, Արծրուն Չոբանյանը, Ժան Նշանյանը: Ֆիլմի գլխավոր դերակատար Սամվել Թոփալյանը իր կերպարի մասին ասում է.«Դրսում և մարդու ներսում կան մի ինչ-որ կետեր, ու երբ այդ կետերը հանդիպում են, մարդը սկսում է փոխվել: Իմ կերպարը ցույց է տալիս այդ կետերի հանդիպումից հետո տեղի ունեցող փոփոխությունները»:

Հիշեցնենք, որ ֆիլմը էկրաններին կմնա մինչև սեպտեմբերի 26-ը:

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ