«Եվրանյուզը» Գալուստին ԱԱԾ-ի պետի հետ խառնեց:

Գիտեի՜նք, որ էս է գալու իրենց գլխին: Մեր սիրտը վաղո՜ւց էր վկայում, որ էսպես է լինելու: Գիտեինք, որ Գալուստի արածի վերջը էս է լինելու. «Եվրանյուզն» էլ իր պես սկսեց ամեն բան իրար խառնել, «Եվրանյուզն» էլ դարձավ «Գալուստի ակումբի» պատվավոր անդամ:

Վաղը դրանք Գալուստի նման բայի ժամանակները կսկսեն խառնել, արդյունքում՝ «Նիկոլից առաջն» ու «Նիկոլից հետոն» իրար կխառնեն, վերջը Նիկոլին կխառնեն… Պուտինի հետ, կհասնեն նրան, որ իրենց եթերը «Россия 1»-ի հետ լրիվ կխառնեն ու կսկսեն արդեն Եվրամիությունը դնել-քլնգել:
Էս ի՜նչ արիր,  Գալո՛ւստ:

Բայց մյուս կողմից էլ՝ եկե՛ք սառը դատենք ու Գալուստին մեր «գաղափարական» զենքը դարձնենք: Ինչքան չուզող ունենք, Գալուստին դրանց եթեր բաց թողնենք, էրկու շաբաթում Գալուստով դրանց ընենց ցնդեցնենք՝ սկսեն մեր օգտին քարոզչություն անել…
Խնդրեմ Գալուստը, շատ չէ, 10 րոպե ցանկացած եթերում մի քանի նախադասություն է կազմում, ու դրանց ողջ լսարանի լեզուն փաթ է ընկնում, դրանք ընկնում են դեպրեսիայի մեջ, լրիվ անգործունակ դառնում, իսկ մինչև ուշքի են գալիս, մենք արդեն դրանց երկիրը գրավել ու, ապահովության համար, հենց Գալուստին էլ ըտեղ գեներալ-գուբերնատոր ենք դրել-նշանակել…
Կամ, Գալուստին ղրկում ենք ԵԱՀԽ ու հանում ամբիոն. ԵԱՀԽ-ն Գալուստի ելույթից հետո մինչև մի շաբաթ վերականգնվում ու ուշքի է գալիս, արդեն ընդունած է լինում բոլոր մեր ուզած որոշումերը…

Հաջորդ առաքելությամբ Գալուստին ղրկում ենք ԱՄՆ կոնգրես, ու Կոնգրեսը Գալուստի ելույթից հետո էրկու շաբաթ բյուլետեն է վերցնում, իսկ էդ ընթացքում Գալուստն արդեն Թրամփի հետ է մի քանի անգամ հանդիպած լինում, ու քանի որ իրենք իրար շատ լավ հասկանալու տվյալներ ունեն, Թրամփը ստորագրում է էն, ինչ իրեն մենք Գալուստի ձեռքով դեմ ենք տալիս…
Մի խոսքով, ժողովո՛ւրդ ջան, Գալուստին լավ նայեք. ինքը մեր ազգային հարստությունն ու միջազգային արենայում մեր միակ հույսն է՝ մեր գաղտնի զենքը:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ