Փաստորեն Երևանում աղբից ազատվելու համար էլ պետք է սպասենք նոր քաղաքապետի ընտրությունների ավարտին։

«Սանիթեք» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը մամուլի ասուլիսում հայտնել է, որ հենց կընտրվի նոր քաղաքապետը, կհանդիպեն նրա հետ եւ կքննարկեն բոլոր՝ ե՛ւ պայմանագրային, ե՛ւ բոլոր այն հարցերը, որոնք հուզում են. «Խնդիրը 100 տոկոսով կլուծվի, երբ մեր մեքենաներն արդեն Երեւանում կլինեն: Սպասում ենք, որ մեքենաները շաբաթվա վերջին կամ եկող շաբաթվա սկզբում այստեղ կլինեն»։

Տնօրենի խոսքով՝ «Սանիթեքը» 500 հազար եվրո է ներդրել նոր աղբատար մեքենաների ձեռք բերման համար. «Սանիթեքը» պատրաստ է և ուզում է նոր ներդրումներ անել 7 միլիոն եվրոյի չափով, եւ փոխել ամբողջ համակարգը: Հիմա սկսել ենք բանակցությունները «Մերսեդես» ընկերության հետ, արդեն պայմանավորվածություն ունենք փոխելու մեր ամբողջ ավտոպարկը եւ բերենք ստաբիլ վիճակի: Բայց սա կլինի նոր քաղաքապետի հետ քննարկումից հետո»:

Հիշեցնենք, որ «Սանիթեքին» ոչ պատշաճ աղբահանություն կազմակերպելու համար Երեւանի քաղաքապետարանը 2 անգամ տուգանել է, վերջինը՝ մոտ 13 միլիոն դրամ: Վերջին 3 ամիսներին, ըստ Թավիլի, «Սանիթեքը» չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները: Պատճառներն, ասում է, պետք է փնտրել առկա խնդիրների կուտակման մեջ: Նա վստահեցրեց՝ այրվել է ավելի քան 1000 աղբաման, ինչի արդյունքում ընկերությանը 700 հազար դոլարի վնաս է կրել: Մոտ 2000 աղբաման էլ վնասվել է.
«Նախորդ 2 ամսում մոտ 25 միլիոն դրամի չափով քաղաքապետարանը տուգանել է: Անկախ նրանից մենք համաձայն ենք, թե՝ ոչ, մենք ընդունում եւ հարգում ենք քաղաքապետարանի որոշումը: Բայց մենք խնդրում ենք քաղաքապետարանին գնել աղբամաններ եւ տեղադրել քաղաքում հենց այն գումարով, որով տուգանել են «Սանիթեքին» եւ փոխհատուցել այն վնասները, որը ընկերությունը կրել է այս ընթացքում»։

Ընկերության ղեկավարը տեղեկացրել է, որ «Սանիթեքը» տարեկան վճարում է 780 միլիոն դրամ հարկ, ընկերությունում աշխատում է 900-ից ավելի մարդ, աշխատավարձերի համար տարեկան հատկացվում է 1 միլիարդ 250 միլիոն դրամ:

Աղբահանության խնդիրները, վստահեցրել է տնօրենը, կապված չեն Երեւանի քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ: Պարզապես այդ խնդիրները համընկան նրա հրաժարականի հետ, եւ դրանք, ըստ Թավիլի, ընդամենը զուգադիպություն են. «Մենք ոչ քաղաքականացված կառույց ենք: Մենք որեւէ քաղաքական գործչի հետ կապված չենք»:

Անդրադառնալով Երեւանի քաղաքապետերի թեկնածուների այն հայտարարություններին, թե աղբահանության ոլորտում 2-րդ օպերատոր պետք է ներգրավել աղբահանության ոլորտն մենաշնորհից ազատելու համար, Թավիլն ասել է, որ այս հարցը նույնպես կքննարկվի ավագանու ընտրություններից հետո: Նա վստահեցրել է նաեւ, որ Երեւանում աղբահանության ոլորտում ցանկացած այլ օպերատոր բախվելու էր նույն խնդիրների հետ, ինչի հետ բախվել է «Սանիթեքը»:

Մի խոսքով՝ հույսներս կտրենք, որ աղբից շուտով կազատվենք։ Դեռ հարցերը պետք է քննարկվեն, հենց որ նոր քաղաքապետ ընտրվի։ Իսկ աղբատար մեքենաներն էլ գալիս, գալիս են, բայց տեղ չեն հասնում։

                                                                                           Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ