«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը բավականին աջակիցներ ունի նաև շոուբիզնեսի և արվեստի ոլորտում։ Իր բազմաթիվ ընկերներն ու գործընկերները հավատում են նրան և դրականորեն արձագանքում նրա քաղաքապետ դառնալուն։ Ճարտարապետ, երաժիշտ Արթուր Մեսչյանն էլ լավ քաղաքապետ համարում է նրան, ով կարողանում է կոնսոլիդացնել երևանցիներին. «Հայկ Մարությանի հետ հանդիպման ժամանակ ինքը կարողացավ ինձ կոնսոլիդացնել, որը շատ բարդ է: Ես հավատում եմ Հայկին, որովհետեւ քաղաքապետ լինելու համար մի քանի հատկանիշներ է, որ պետք է ունենալ՝ մեծ սիրտ, մեծ համբերություն, կարողություն՝ մեկ-մեկ բավականին լուրջ ջղայնանալ»։

Մեսչյանի խոսքով՝ ընտրության ժամանակ ոչ ոք լավություն չի անում այն անձին, ում ընտրում է որպես քաղաքապետ:

«Մենք չենք պատկերացնում, թե ինչ է նշանակում, որ քաղաքապետն ազնվորեն ծառայում է քաղաքին, ոչ թե իրեն: Դա սարսափելի մեծ բեռ է, ֆանտաստիկ դժվար աշխատանք է: Մենք առանց լավ թիմի ու ժողովրդի չենք կարող հասնել հաջողության, իսկ հաջողության չհասնելու իրավունք չունենք: Ե՛ւ քաղաքապետը պետք է հաջողի, ե՛ւ քաղաքացին. սա իմ երազանքն է»։

Մնում է հուսալ, որ այսքան դրական խոսքերը միայն որպես քարոզչամեթոդ չեն ծառայի, այլ Հայկ Մարությանի կամ մեկ այլ թեկնածուի՝ քաղաքապետ ընտրվելու դեպքում, իսկապես կվերածվեն իրական գործողությունների։ Թերևս այնքան կարևոր չէ քաղաքապետի անուն ազգանունը, որքան Երևան քաղաքի բարգավաճումն ու ծաղկումը։