Գյուղացիներին օգնության ձեռք մեկնող նախագիծը հաստատվելու դեպքում աշնանացան հացահատիկային մշակաբույսերի փաստացի ցանված ամեն հեկտարի դիմաց գյուղացուն անհատույց կտրամադրվի 60 հազար ՀՀ դրամ: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ հավելելով՝ հողի առավելագույն չափը չի գերազանցելու 7 հեկտարը, ծրագիրն էլ պիլոտային է։

«Որոշման նախագիծը ներկայացնելիս՝ հաշվի ենք առել մի քանի նպատակ: Այս պահի դրությամբ մեր վարելահողերի մինչև 35%-ը չի մշակվում։ Բացի այդ, քանի որ մեր երկրում արտադրված ցորենը չի բավարարում, ներկրում ենք: Այս առաջարկը կնպաստի չմշակվող հողատարածքների կրճատմանը: Արդեն իսկ հաշվարկվել է, թե որքան ավելի հացահատիկ կարտադրվի, որքան ընտանիք կօգտվի այս առավելությունից», -ասել է Խաչատրյանը:

Նախագիծն ընդունվելու դեպքում սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա աշնանացան հացահատիկային մշակաբույսերի փաստացի ցանված յուրաքանչյուր հեկտարի դիմաց գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կտրամադրվի 60 հազար ՀՀ դրամ։ Պետական աջակցության օբյեկտ չեն համարվելու տնամերձ հողատարածքները: