Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած որոշման նախագիծ, որով նախատեսվում է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շահառուների համար երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բնակարանի (բնակելի տան) ձեռբերման համար հիփոթեքային վարկ տրամադրել առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 9.5 տոկոսով, որից 2 տոկոսը կսուբսիդավորի պետությունը (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կկազմի առավելագույնը 7,5 տոկոս), իսկ Հայաստանի մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը (այսինքն` մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կկազմի առավելագույնը 5.5 տոկոս)։

Առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բնակարանի (բնակելի տան) ձեռբերման դեպքում հիփոթեքային վարկը կտրամադրվի առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 7.5 տոկոսով, որը, սակայն, չի սուբսիդավորվելու։

Փոփոխության է ենթարկվել բնակարանի արժեքի հետ կապված կետը. եթե բնակարանը ձեռք է բերվում երկրորդային շուկայից, ապա նրա արժեքը չի կարող գերազանցել 25 մլն դրամը, իսկ եթե առաջնային շուկայից, ապա առավելագույն արժեքը պետք է կազմի 30 մլն դրամ։ Ընդ որում՝ այս կետը վերաբերում է թե´ մայրաքաղաքին, թե´ մարզերին։

Կանխավճարը՝ դարձյալ թե´ Երևանի, թե´ մարզերի համար նույն կերպ է սահմանվել. երկրորդային շուկայից բնակարանի ձեռքբերման դեպքում այն կազմելու է բնակարանի արժեքի առնվազն 30 տոկոսը, իսկ առաջնային շուկայից ձեռքբրվող բնակարանի դեպքում՝ բնակարանի արժեքի առնվազն 20 տոկոսը։

Ամուսինների գումարային տարիքը սահմանվել է 70-ը՝ նախկին 65-ի փոխարեն։