ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին քննադատողներն ու, մեղմ ասած, չսիրողներն օր օրի շատանում են: Այս անգամ էլ աչքի է ընկել Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը: Ելույթ ունենալով կլիմայի հարցերով Սան Ֆրանցիսկոյում կայացած գագաթաժողովում՝ նա ասել է, որ Թրամփին հիշելու են որպես «ստախոսի և հիմարի» շրջակա միջավայրի հարցում։

Ջերի Բրաունին է միացել և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը։ Նրանք վստահեցնում են, որ հազարավոր քաղաքներ և նահանգներ առաջվա պես բախվում են գլոբալ տաքացման սպառնալիքների հետ և չեն ստանում նախագահի աշխատակազմի աջակցությունը։

Պուերտո Ռիկոյի իշխանություններն էլ իրենց հերթին մեղադրում են Թրամփին, ով չի համաձայնել այն տվյալների հետ, որ անցած տարի ԱՄՆ-ի հետ ասոցացված այդ կղզի-պետությունում գրանցված փոթորիկների զոհերի թիվը հասել է մոտ 3 հազարի։

Ավելի վաղ իր թվիթերյան էջում Թրամփը գրել է, որ 3 հազար մարդ չի մահացել Պուերտո Ռիկոյում գրանցված երկու փոթորիկների հետևանքով։ ԱՄՆ նախագահը ենթադրություն է հայտնել, որ զոհերի թվի մասին սխալ տվյալների տարածման հետևում կանգնած են դեմոկրատները։

Թրամփի հայտարարությունից հետո Պուերտո Ռիկոյի նահանգապետ Ռիկարդո Ռոսելոն ֆեյսբուքում տեսաուղերձ է տարածել, որտեղ հայտարարել է, որ աղետի զոհերի վերաբերյալ ոչ մի հարց չի կարող լինել։ Նրա խոսքով՝ փոթորիկների զոհերը և երկրի բնակիչները «արժանի չեն, որ նրանց ցավը կասկածի տակ դրվի»։ Ռոսելոն հաստատել է, որ «Մարիա» փոթորկի զոհերի թիվը կազմել է մոտ 3 հազար մարդ։

Թերևս այս ամենը նախագահ Թրամփի համար կրկին որպես fake news (կեղծ լուր) կընկալվի, որովհետև ինչպես հայտնի է ամերիկյան լրատվամիջոցներում, ԶԼՄ-ներում այն բոլոր տեղեկությունները, որոնք դուր չեն գալիս Թրամփին, նա համարում է fake news:

                                                                                                           Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ